«Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք այսօր՝ դեկտեմբերի 5-ին, առավոտից հավաքվել են գործարանի տարածքում՝ պահանջելով հանդիպում գործարանի տնօրենի հետ, սպառնում են իրենց պահանջը չբավարարելու դեպքում փակել գործարանին հարակից Բագրատունյաց փողոցը: «Նաիրիտի» աշխատակիցները NEWS.am-ի հետ զրույցում բողոքոցին, որ իրենք այլեւս չեն հավատում ոչ մի խոստման, պայքարելու են մինչեւ վերջնական լուծում ստանա իրենց խնդիրը:
«Աշխատողների մեծամանությունը նախարար Զախարյանի՝ գործարան այցից հետո աշխատանքից ազատման ծանուցագրեր է ստանում, իսկ դա նշանակում է, որ աշխատավարձերն այլեւս չեն վճարելու: Հիմա մենք պահանջում ենք առաջնահերթ վճարել մեր աշխատավարձերը, հետո թող ազատեն գործից»,-ասաց աշխատակիցներից Սերգեյը:
Հիշեցնենք, որ նոյեմբերին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասել էր, որ մինչեւ այս տարվա վերջ «Նաիրիտ» ընկերությունում կվճարվեն աշխատավարձերը: Սակայն մոտ մեկ շաբաթ առաջ նաիրիտցիներն ստացել են ընդամենը մեկ ամսվա աշխատավարձը, տնօրինությունը նրանց խոստացել է մինչ Ամանոր ևս մեկ ամսվա աշխատավարձ տալ, մինչդեռ մինչեւ 18 ամսվա աշխատավարձ է պարտք:
«Փաստորեն, նախարարի խոսքը ոչ մի արժեք չունի: Եթե նախարարն ասում է, որ ամբողջ աշխատավարձը կտան, բայց հետո խախտում է տված խոստումը, ուրեմն այս երկրում ամեն ինչ ստի վրա է հիմնված: Ոչ մի օրենք չի աշխատում, ո՞ւմ հավատանք մենք ընդհանրապես»,-ասաց աշխատակիցը:
Այս պահին բողոքող աշխատակիցները սպասում են տնօրենի հետ հանդիպմանը, նրանք վճռական են տրամադրված եւ ամեն պահի պատրաստ են փակել ճանապարհը:
Հիշեցնենք, որ երեկ նաիրիտցիները բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի մոտ՝ նամակ փոխանցելու եւ պահանջելու ՝ աշխատավարձերի ամբողջական վճարում եւ աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու ծանուցագրերի գործընթացի կասեցում:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները չեն հավատում, որ իշխանությունները կատարելու են իրենց խոստումը եւ վճարելու են իրենց աշխատավարձերի պարտքը, որը կազմում է մոտ 15 մլն դոլար։ Նրանք աշխատանքից ազատման մասին ծանուցագրեր են սկսել ստանալ փետրվարի 6-ից, ըստ որոնց լուծարվելու են իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը։ Աշխատակիցների տեղեկություններով՝ նոր պայմանագրեր կնքվելու են միայն 500 հոգու հետ:
Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձը մարվում է պետական էներգետիկ ընկերությունների՝ Երեւան ՋԷԿ-ի եւ Որոտանի ՀԷԿ-ի եկամտի հաշվին:




























