Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփում եւ ներկայացնում են «Այլընտրանքային էներգիա» համատեղ ծրագրի շրջանակում իրականացվող երկու նախագծերի արդյունքները: Առաջին նախագծի շրջանակում Ուրցաձոր համայնքի Զորավար Անդրանիկ փողոցում (1600 մ) տեղադրվել են արտաքին լուսավորության 70 լուսադիոդային (LED) լուսատուներ: Երկրորդ նախագծի շրջանակում գյուղում ստեղծվել եւ վերանորոգվել են երեք հյուրատներ, որոնցից երկուսում տեղադրվել են արեւային ջրատաքացուցիչներ: Երկու նախագծերը սկսվել են ընթացիկ տարվա մարտին:

Կատարված աշխատանքները ներկայացվեցին Ուրցաձոր համայնքում կազմակերպված միջոցառման ընթացքում, որտեղ ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը եւ համայնքի բնակիչները:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեծապես կարեւորում են բնության պահպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը, որն իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը եւ համայնքային զարգացմանը: Ուրցաձոր համայնքի համար այս նախագծերն ունեն մի շարք կարեւոր առավելություններ: Բնապահպանական եւ էներգաարդյունավետ LED լուսատուները, որոնք 80%-ով նվազեցնում են էներգիայի ծախսը, կլուսավորեն համայնքի փողոցներն ամռանը 22:00-ից մինչեւ 01:00-ը, ձմռանը՝ 18:30-ից մինչեւ 00:00-ը, իսկ տոնական օրերին՝ ողջ գիշեր: LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն, եւ կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը:

Նորաստեղծ էկո հյուրատները, որոնք ներկայումս երեքն են Ուրցաձոր համայնքում, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համայնքային զարգացման ծրագրերի կարեւոր բաղադրիչներից են՝ որպես կայուն եկամտի աղբյուր գյուղաբնակ անապահով ընտանիքների համար: Հյուրատներում տեղադրված արեւային ջրատաքացուցիչները ջեռուցման բնապահպանական եւ էներգաարդյունավետ միջոց են: Այդ համակարգերը ձմռանը ջեռուցման ծախսը նվազեցնում են 40-50%-ով, ամռանը նվազեցնում են տաք ջրի ծախը 100%-ով:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը բարձր է գնահատում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի այս նախաձեռնությունը. բնապահպանական որոշ խնդիրների նորարարական լուծում առաջարկելուց բացի, այն ունի կարեւոր մեկ այլ առաքելություն: Այս ծրագիրը գյուղական համայանքների զարգացման հիանալի մոդել է, որտեղ գյուղացին ներգրավվում է որպես համագործակցող կողմ եւ ակտիվ մասնակցում է ծրագրի իրականացմանը: Հատկապես ուրախալի է տեսնել նախաձեռնությանը միանալու` համայնքի բնակիչների ոգեւորությունն ու եռանդը: Նրանք ցանկանում են սեփական ուժերով բարելավել իրենց կյանքի պայմանները եւ այդ ամենն  անում են շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու վերաբերմունքով: Համոզված եմ, որ կատարված աշխատանքի արդյունքը տեսնելը եւ սեփական հողի վրա արժանապատիվ եւ ազնիվ կյանքով ապրելու հնարավորություն ունենալը խրախուում են մարդուն, որպեսզի նա ավելի շատ սիրի իր երկիրը եւ չմտածի հեռանալու մասին»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: