ԵԱՀԿ ԱԳ նախարարների Խորհրդի՝ հակաահաբեկչական թեմայով քննարկման արդյունքում ընդունված որոշման մեջ նշված է քրիստոնեատյացության խնդիրը՝ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող հակամարտությունների լույսի ներքո: Այս մասին դեկտեմբերի 5-ին Բազելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա տեղեկացրել է, որ որոշում է ընդունվել միջազգային ուժերի կենտրոնացման մասին՝ ահաբեկչության դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար: «Քննարկվել է ահաբեկչության դեմ պայքարը՝ շեշտադրելով Մերձավոր Արեւելքիի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանները»,- նշել է նախարարը:
«ԵԱՀԿ-ն պայքարում է ցանկացած անհանդուրժողականության հետ: Կազմակերպությունում գոյություն ունեն որոշումներ՝ ուղղված հակասեմականության, իսլամատյացության դեմ պայքարին: Այսօր մենք կարող ենք ասել, որ նաեւ քրիստոնեատյացության խնդիր է նկատվում, այն շատ ու շատ լուրջ է»,- ասել է Լավրովը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա նաեւ հավելել է, որ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում հակամարտության գրավված շրջաններում քրիստոնյաներին հետապնդում են, խտրականության ենթարկում, իսկ նրանց սրբավայրերը՝ կործանում: Արդյունքում նրանց ստիպված են լինում լքել իրենց տները:
«Կարծում եմ՝ այսօրվա որոշումը թույլ կտա ավելի արդյունավետ դիմակայել այդ սպառնալիքներին»,- ամփոփել է ռուսաստանցի նախարարը:




























