Մեր խորհրդարանական ուժերը չեն դադարում իրենց քաղաքական գործունեությունն իրականացնել եռյակի ձեւաչափում: Այս մասին դեկտեմբերի 5-ին  ավանդական՝ այս տարվա արդեն վերջին ճեպազրույցում հայտարարել է  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Տվյալ փուլում, ըստ նրա, Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած միջոցառումը չի վնասում եւ չի հակասում եռյակի գործունեությանը: «Եթե մեր կուսակցությունում նրա միջոցառմանը մասնակցել ցանկացողներ լինեն, նրանք կարող են դա անել», - նշել է Մելքումյանը: Անդրադառնալով հարցին՝ արդյոք ինքը կմասնակցի «Ժառանգության»  նախաձեռնած քաղաքացիական ժողովին, պատգամավորն ասել է, որ այդ ընթացքում ինքը պետք է ներկա լինի իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստին:

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Ստեփան Մարգարյանը  նշել է. «Մենք ոչ մի խնդիր չենք տեսնում, քանի որ այս աշխատաոճը կար այն ժամանակ, երբ նոր-նոր էինք սկսում խորհրդարանական համագործակցությունը: Մենք անում ենք այն ամենը, ինչը համաձայնեցվում է փոխզիջմամբ:  Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ինչ-որ բան անել, մնացածները դա եռյակին հակասող գործունեություն չեն դիտում, եւ սա եռյակի գոյության սեգմենտներից մեկն է:

Հիշեցնենք, «Ժառանգության»   առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեկտեմբերի 5-ին ցանկացողներին հրավիրել է Ազատության հրապարակ՝ մասնակցելու քաղաքացիական ժողովի: