ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է հայկական մշակութային ժառանգության արժեքները սակարկման առարկա չդարձնի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն չպետք է որոշի՝ որն է հայկական մշակութային արժեք, որը՝ ոչ։ Եթե ոչ ֆինանսական, ապա քաղաքական ազդեցություն հաստատ ունի այդ կոնվեցիան։ Մենք հիմա էդպես ողջունում ենք լավաշը մարդկության ոչ նյութական ժառանգություն ճանաչելու որոշումը եւ ուրախանում դրանով, պիտի հիշենք, որ այդ նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ն գորգագործությունը որպես ադրբեջանական մշակույթի ժառանգություն ճանաչեց»,- ասաց Մամուլյանը։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահը, այնուամենայնիվ, ողջունեց լավաշը մարդկության ոչ նյութական ժառանգություն ճանաչելու վերաբերյալ հայկական կողմի հայտ ներկայացնելու նախաձեռնությունը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը։
«Բայց ուրախ եմ, որ մեր ներկայացուցիչները գնացել, ներկայացրել են այնտեղ մեր լավաշը։ Վերջիվերջո, այդ հարթակը եթե պատերազմի վայր է, պիտի պատերազմ տաս, կռիվ տաս ու հաղթես։ Մենք ինքներս չենք ընդունում, բայց ողջունում ենք եւ ուրախացել ենք։ Եթե մենք ասում ենք՝ նույնիսկ կենցաղային հարթակը պիտի օգտագործենք մեր մշակութային արժեքները լավ ներկայացնելու համար, ինչի՞ պետք է մենք տխրենք այդ համաշխարհային հարթակը օգտագործելուց»,- նշեց Մամուլյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում հայկական ազգային արժեքները պատշաճ կերպով չեն պահպանվում, այնուամենայնիվ, ազգային խոհանոցը զարգացման տեմպերով մի քանի քայլ առաջ է տարածաշրջանի այլ երկրների խոհանոցներից։
Սեդրակ Մամուլյանը նշեց, որ հայկական կապիտալը պետք է աշխատի հայկական մշակույթի տարածման եւ զարգացման ուղղությամբ։
«Օտարամոլությունն ուղղակի մեզ որդի նման ներսից ուտում է։ Երբեք չեք տեսնի՝ մի հարուստ վրացի Վրաստանում հայկական խոհանոց կառուցի եւ հայկական ավանդական ուտեստներ մատուցի, դա բացառված է ուղղակի։ Ես դեմ եմ, որ հայերը օտար ազգերի մշակույթն են տարածում մեր երկրում»,- ասաց Մամուլյանը։
Մշակույթի նախարարությունը, Մամուլյանի խոսքով, որոշ չափով աջակցում է ազգային մշակույթի պահպանմանը։
«Եթե չեն խանգարում, ուրեմն աջակցում են։ Մշակնախը աջակցել է տոլմայի փառատոնին։ Այս տարի մենք առաջարկ ենք ներկայացրել իրենց՝ տոնածիսական ուտեստների տոնը ֆինանսավորելու նպատակով։ Ներկայացրել ենք նախահաշիվ, տեսնենք, կարծում եմ, որ այս տարի կօգնի, միգուցե ամբողջությամբ չֆինանսավորի, բայց վստահ եմ, որ որոշ բանով կօգնի»,- ասաց Մամուլյանը։




























