2015թ. Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում կայանալիք «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթին Հայաստանի թիմը չի մասնակցի, եթե մինչեւ այդ հովանավորներ չգտնվեն: Մրցույթի նախաձեռնողներից՝ ՀՀ ԿԳՆ ԿԱԻ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ թեեւ ամբողջ աշխարհում նման մրցույթները գործարար աշխարհի ներկայացուցիչներն են հովանավորում, Հայաստանը «Համաշխարհային հմտություններին» անդամակցում է պետբյուջեի հաշվին:
«Հայաստանում այս նախագիծը հեռանկար կունենա միայն այն դեպքում, երբ գործարարներն իսկապես ակտիվանան: Բրազիլիայում «Համաշխարհային հմտություններին» մեր այս տարվա մասնակցությունը կախված է գործատուների ֆինանսավորումից: Մասնակցությունը շատ ծախսատար է, անհրաժեշտ է մեկնել Բրազիլիա: Եթե լինեն հովանավորներ, մեր մասնակիցներն այս տարի կմասնակցեն, եթե ոչ, ապա մասնակցությունը հարցականի տակ է»,-ասաց Տաթեւիկ Գասպարյանը:
Երեւանի եւ մարզերի տարբեր քոլեջների մի քանի տասնյակ ուսանողներն առաջին փուլում մրցել են «Ոսկերչություն», «Նորաձեւության տեխնոլոգիա», «Խոհարարություն» մասնագիտութուններում: Երկրորդ փուլում, որի ամփոփումը տեղի ունեցավ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ուսանողները մրցել են «Մեխատրոնիկա», «Վեբ դիզայն» «ՏՏ ցանցային համակարգերի կառավարում» մասնագիտություններում:
«Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթին հայ ուսանողները 72 այլ երկրների ուսանողների հետ մրցելու հնարավորություն կունենան միայն երեք անվանակարգերում:
Ազգային մրցույթի ամփոփմանը ներկա՝ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով՝ ցավալի է, որ տեղական բիզնես էլիտան չի գիտակցում մասնագիտական կրթության կարեւորությունը եւ ներդրումներ չի կատարում ծրագրում: Ըստ նախարարի՝ այս մրցույթը կարեւոր է նրանով, որ այն հնարավորություն կտա մասնագիտական կրթություն ստացող հայ ուսանողներին իրենց ուժերը փորձել այլ երկրների ուսանողների հետ:
Նշենք, որ համաշխարհային այս կառույցին՝ որպես հարող անդամ, Հայաստանը միացել է 2012թ. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ, «Հայաստանի հմտություններ» նախագծի շրջանակում: Հայաստանի թիմն արդեն մեկ անգամ՝ 2013թ. մասնակցել է մրցույթի միջազգային փուլին եւ լավ արդյունքներ գրանցել:




























