ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը չի կարծում, թե ԵՏՄ աշխատանքային լեզվի ռուսերեն լինելը վտանգելու է հայոց լեզուն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախարարը՝ անդրադառնալով այն մտահոգությանը, որ ԵՏՄ անդամակցությունը վտանգի առջեւ է կանգնեցնում նաեւ հայերենը:

«Երբ ՄԱԿ-ի աշխատանքային լեզուները 6-ն են, վտանգվա՞ծ է հայերենը դրանով: Եթե մենք մտնեինք Եվրամիություն, անգլերենը դառնար մեր աշխատանքային լեզուն, ի՞նչ էր փոխվելու: Այս մատից ծծած փաստարկների մեջ ես քաղաքական շահարկում եմ տեսնում: Երեք ու կես միլիոնանոց երկիրը մի քանի հանձնաժողովներում ռուսերեն խոսելով մայրենի լեզուն վտանգո՞ւմ է, ծիծաղելի է: Կամ չեն հասկանում այդ մարդիկ, կամ դիտավորյալ խեղաթյուրում են: Երկուսն էլ տհաճ է»,-ասաց նախարարը:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ ոչ մի օտար լեզու հայերենը չի կարող վտանգել, այն եղել եւ կմնա Հայաստանի միակ պետական լեզուն:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 4-ին ԱԺ-ն 103 «կողմ, 7 «դեմ» եւ մեկ «ձեռնպահ» ձայներով վավերացրեց ԵՏՄ անդամակցության պայմանագիրը։ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացումներից հետո Հայաստանը 2015-ի հունվարի 1-ին կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ: ԵՏՄ աշխատանքային լեզուն կլինի ռուսերենը: