Մայթ Աթոռի կողմից կսահմանվի կրթաթոշակ՝ բարձր առաջադիմությամբ սոցիալապես անապահով ուսանողների համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին ԿԳՆ-ում հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ով ԿԳՆ է այցելել նախարար Արմեն Աշոտյանի հրավերով:

Ողջունելով Ամենայն Հայոց Հայրապետին՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառին այցի համար՝ շեշտելով, որ կրթության ոլորտի եւ նախարարության  համար այս օրը պատմական է. «Մենք քանիցս տարբեր միջոցառումների շրջանակում պատիվ ենք ունեցել հյուրընկալվել Մայր Աթոռում՝ փաստելով Եկեղեցու եւ կրթության համակարգի սերտ կապերը: Ձեր այցը իրադարձություն է ոչ միայն կրթության եւ գիտության նախարարության, այլեւ պետական կառավարման համակարգի համար»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ Վեհափառի այցը վերաբերմունքի ընդգծված դրսեւորում է կրթության եւ գիտության ոլորտի նկատմամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձ կատարելով Հայ Առաքելական եկեղեցու եւ կրթության ոլորտի պատմական համագործակցությանը՝ նշել է, որ կրթությունը, սկսած դեռեւս մաշտոցյան ժամանակներից ու հայոց գրերի գյուտից, եղել է Հայ առաքելական եկեղեցու կարեւոր առաքելություններից մեկը: Վեհափառն իր գնահատանքի խոսքն է հղել անձնապես նախարարին ու  ԿԳՆ աշխատակզմին՝  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծրագրերին ցուցաբերվող ուշադրության եւ աջակցության համար. «Շարունակեք ձեր ազգանվեր գործունեությունը եւ գործադրեք ամենայն ջանք, որ ձեր ծանր ու պատասխանտու աշխատանքը լինի արգասաբեր ու պտղաբեր, որպեսզի մեր երկիրը զորանա եւ շենանա՝ ձեր աշխատանքի արդյունքում»: Վեհափառը նաեւ հավելել է, որ ՀՀ անկախության առաջին տարիներից սկսած, հիմք ընդունելով երկրի Սահմանադրությունն ու կրթության մասին օրենսդրությունը, Եկեղեցու եւ կրթության համակարգի միջեւ ձեւավորվել է սերտ եւ գնահատարժան  համագործակցություն:

Իբրեւ համագործակցության կոնկրետ դրսեւորումներ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, ԵՊՀ-ում Աստվածաբանության ֆակուլտետի հիմնադրումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր  ճեմարանի ճանաչումը՝ իբրեւ բարձրագույն ուսումնական հաստատություն, Հայորդյաց տների գործունեությունը Մայր եկեղեցուն վստահելու իրողությունը: Վեհափառն ընդգծել է նաեւ, որ կրթության ոլորտի ձեռքբերումներն այսօր ակնհայտ են՝ մասնավորապես շեշտելով միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցականների արձանագրած հաջողությունները: Հանդիպման ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջարկ է ներկայացրել նախարարին, որով Մայթ Աթոռի կողմից կսահմանվի կրթաթոշակ՝ բարձր առաջադիմությամբ սոցիալապես անապահով ուսանողների համար:

Այնուհետեւ  պատասխանելով ներկաների հարցերին՝ Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձել է վերջերս տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին, կրթություն-եկեղեցի համագործակցության հանրային արձագանքներին եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Մայր եկեղեցու կողմից ծրագրվող միջոցառումներին:

Վեհափառի խոսքով կրթության համակարգի եւ Հայ Եկեղեցու համագործակցությունը հանրությունը հիմնականում դրական է ընկալում, իսկ ինչ վերաբերում է որոշ խմբերի ու անձանց կողմից հնչեցված քննադատությանը, ապա ըստ Ամենայն Հայոց  Կաթողիկոսի՝ դրանք հիմնականում երկրի օրենսդրության չիմացության եւ մեր ժողովրդի պատմության հետ աղերս չունենալու հետեւանք են. «1700 տարի Հայ եկեղեցին եղել է կրթության գործի կազմակերպիչներից մեկը, եւ այսօր մենք չենք կարող առնչություն չունենալ կրթության կազմակերպման եւ հոգեւոր մշակութային արժեքների փոխանցման գործին»,- նշել է  Գարեգին Բ Կաթողիկոսը: Ներկաներից մեկը հարց է ուղղել կաթողիկոսին եպիսկոպոսաց վերջին ժողովում քննարկված հարցերի վերաբերյալ:  Վեհափառ Հայրապետը տեղեկացրել է, որ եպիսկոպոսաց այս ժողովն ունեցել է բացառիկ նշանակություն. ժողովին մասնավոր քննության առարկա է դարձել Հայ Եկեղեցում սրբադասման կանոնի վերականգնումը:

Այս կապակցությամբ Նորին Սրբությունը ներկաներին տեղեկացրեց նաեւ 2015 թվականի ապրիլի 23-ին տեղի ունենալիք Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասման մասին:

Հանդիպման ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձավ նաեւ Մայր Աթոռ-ԿԳ նախարարություն համագործակցության զարգացման հեռանկարներին: