Այս տարվանից Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը հնարավորություն է ստացել իրականացնել նաեւ հայալեզու կրթական ծրագրեր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի 15-ամյակի կապակցությամբ բուհում տեղի ունեցած գիտամանկավարժական աշխատողների եւ ուսանողների ընդհանուր համաժողովի ժամանակ նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նա նշել է, որ բուհը հանդիսանում է ՀՀ կրթական տարածքի առաջատար օղակներից մեկը: «Ներկայումս համալսարանը թեւակոխում է բուհի զարգացման նոր փուլ` փորձարարական, հետազոտական բուհի կարգավիճակ ձեռք բերելու դժվարին գործընթաց: Հուսով եմ, որ բուհը կհանդիսանա հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման այցեքարտը: Այդ համատեքստում ցանկալի կլիներ, որ երկու երկրների կառավարությունները մեծացնեն բուհին հատկացվող ներդրումները: Վերջին տարիներին ռուսական կողմը, վերարժեւորելով բուհի դերը, լրացուցիչ ֆինանսական հատկացումներ է անում բուհի զարգացման գործում: Իր ներդրումը կավելացնի նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը: Կրթությունն առաքելություն ունի ոչ միայն աշխատաշուկայի կադրային խնդրի լուծման, այլ նաեւ երկարաժամկետ ինտեգրացիոն նախագծերի հիման վրա միջմշակութային հաղորդակցության կայացման հարցում: Բացի այդ, եւս մեկ լավ նորություն. այս տարվանից բուհը հնարավորություն է ստացել իրականացնել նաեւ հայալեզու կրթական ծրագրեր»,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով նաեւ բուհի կարեւորությունը եվրասիական տնտեսական միության ընդհանուր կրթական տարածքի համատեքստում:
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն իր ելույթում նշել է, որ բուհի 15-ամյակը յուրահատուկ տոն է եւ ամփոփում` ուսումնական հաստատության նվաճումներն արձանագրելու եւ ապագա ծրագրերը նախանշելու տեսանկյունից: "Իսկ ծրագրերը բազմաթիվ են` երկարաժամկետ եւ խոստումնալից: Համալսարանի առաջիկա տարիների զարգացման ուղղությունները, մասնավորապես, ներառում են տեխնիկական, ինժեներական եւ բնական գիտությունների մասով ռուսաստանյան առաջատար համալսարանների հետ համատեղ կրթական ծրագրերի իրականացումը",-նշել է ռեկտորը:
Հոբելյանի կապակցությամբ համալսարանի գիտամանկավարժական անձնակազմի մի շարք ներկայացուցիչներ արժանացել են պետական եւ գերատեսչական պարգեւների: Կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար եւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի 15-ամյակի կապակցությամբ ՀՌՀ պրոռեկտոր, հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Գագիկ Սարգսյանը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի եւ բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի փոխտնօրեն, համակարգային ծրագր. ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Վլադիմիր Եղիազարյանը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Լեզվի տեսության եւ միջմշակութային հաղորդակցության ամբիոնի վարիչ, բանաս. գիտ. դոկտոր, դոցենտ Արմինե Սիմոնյանը եւ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի` Մեդիայի, գովազդի եւ կինոյի ինստիտուտի տնօրեն, գովազդի ամբիոնի վարիչ, բանաս. գիտ. թեկնածու Նինա Կեւորկովան պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն պարգեւով` "Ոսկե հուշամեդալով":




























