Արմավիրում, դեկտեմբերի 13-ին կյանքի կկոչվի մի կամավոր, հայրենասեր երիտասարդի գաղափարը. տեղադրել Արմավիրի «Արծիվ 13» ջոկատի 27 հերոսների պաստառներն Արմավիր-Երեւան ավտոճանապարհին:
Նախաձեռնությունը նվիրված է «Արծիվ 13» ջոկատի 25-ամյակին, որի շրջանակներում, մինչ հերոսների պաստառների բացման արարողությունը, նախատեսված է հուշ-ցերեկույթ Արմավիրի թիվ 1 մշակույթի տանը: Հյուրերի շարքում կլինեն Արմավիրի պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորական սպաներ, կապի եւ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչներ, զոհված ազատամարտիկներ ընտանիքներ եւ պարզապես հայրենասեր արմավիրցիներ:
Նշենք, որ նախաձեռնությունը պատկանում է Արտակ Մկրտչյանին, ով անշահախնդրորեն ջանք ու եռանդ չխնայեց իրականացնել շատերի` տարիներ շարունակ փայփայած երազանքը` եւս մեկ անգամ հիշել հերոսներին, մեծարել նրանց եւ գնահատել նրանց անձնուրաց նվիրումը հայրենիքին: Իսկ ահա պաստառների տեղադրումը առաջինն է Արմավիրում, որը մեծ ոգեւորություն է առաջացրել թե' հերոսների հարազատների, թե' Արմավիրցիների շրջանում: Ինչպես նշում է նախաձեռնության կազմակերպիչը՝ Արմավիր մտնող ցանկացած մարդ պետք է անուն առ անուն ճանաչի մեր հերոսներին, որոնք ընկան ոչ միայն հանուն Արամավիրի, այլ հանուն ողջ հայ ազգի եւ այսօրվա ամեն խաղաղ օրվա:
Միջոցառման հիմնական մասում հյուրերին կներկայացվի «Արծիվ 13» ջոկատի անցած փառապանծ ուղին` հիշելով հերոսների կյանքն ու նրանց անցած փառքի ճամփան: Այս ամենին կհամեմվեն մի քանի շնորհալի երիտասարդների հայրենասիրական եւ ազգագրական երգերն ու պարային կատարումները: Կհնչեն Հայաստանի, Արցախի եւ Արմավիրի հիմները, կբարձրացվի հայոց եռագույնը:
Միջոցառման հիմնական մասին կհաջորդի այցը Արմավիրի քաղաքային պանթեոն, որտեղ ծաղկիկներ կդրվեն ջոկատի հրամանատար Ռուբիկ Եղոյանի եւ Սերգեյ Ավետիսյանի գերեզմաններին: Այնուհետեւ միջոցառման մասնակիցները կշարժվեն դեպի Արցախյան ազատամարտում զոհված եւ անհայտ կորած հերոսների հուշակոթող, որտեղ նույնպես կդրվեն ծաղիկներ հերոսների հիշատակին: Միջոցառման վերջնագիծը կլինի Արմավիր-Երեւան ավտոշանապարհին, որտեղ եւ տեղի կունենա օրվա գլխավոր իրադարձությունը. օրվա հյուրերն ականատես կլինեն «Արծիվ 13»–ի` զոհված, սակայն հավերժ անմահացած 27 հայ քաջերի դիմանկարների բացմանը:




























