Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ երեւանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստանում այցելելու եւ տեսակցելու իրենց զավակներին: Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի՝ այս տարվա հերթական այցի շրջանակում Տավուշի, Սյունիքի մարզերի սահմանամերձ եւ ԼՂՀ ՊԲ զորամասեր կուղեւորվեն ժամկետային զինծառայողների շուրջ 950 ծնողներ:

Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քաղաքապետն ու նախարարն անձամբ շրջել ու զրուցել են ծնողների հետ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է օգնել ու աջակցել երեւանաբնակ զինծառայողներին՝ հայրենիքին պատվով ծառայելու հարցում:

«Մենք այսօր հերթական անգամ հնարավորություն ենք ընձեռել սահմանամերձ զորամասերում ծառայող երեւանաբնակ զինծառայողների ծնողներին այցելելու իրենց որդիների զորամասեր: Բազմիցս նշել եմ, որ արդեն բարի ավանդույթ դարձած այս ծրագրի գաղափարը ծնվեց բնակչության հետ իմ հանդիպումների ժամանակ եւ ուրախ եմ, որ այն կարողացանք կյանքի կոչել ու արդեն հազարավոր ծնողների այդ հնարավորությունն ընձեռվել է: Այս նախաձեռնության շնորհիվ տարեկան, առնվազն, երկու անգամ նրանք այցելում են զորամասեր, տեղում ծանոթանում իրենց զավակների ծառայությանը, կենցաղային պայմաններին», - ընդգծել է քաղաքապետը:

Այն, որ սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող այս ծրագիրն իսկապես սպասված էր բնակիչների կողմից, փաստում է տարեցտարի զորամասեր այցելելու ցանկություն հայտնող ծնողների թվի ավելացումը: Եթե 2013թ. կազմակերպված 2 այցելություններին ընդհանուր առմամբ մասնակցել էր շուրջ 1100 ծնող, ապա այս տարվա միայն գարնանը կազմակերպված այցի ժամանակ գրեթե նույնքան ծնող օգտվեց նախաձեռնությունից: Եվս 950-ն էլ այս անգամ է մեկնում:

«Այս հարցում մեր մոտեցումը հստակ է. ցանկություն հայտնած բոլոր ծնողներին պետք է ընձեռենք այս հնարավորությունը: Սա, իմ կարծիքով, սոցիալականից բացի մեկ այլ կարեւոր նշանակություն էլ ունի. զինվորների ծնողները տեղում են համոզվում, որ մեր բանակում զինվորի նորմալ ծառայություն անցկացնելու համար ստեղծված են բոլոր պայմանները: Ի դեպ, զորամասեր կատարած իմ այցելության ժամանակ ես նաեւ իմացա, որ այս նախաձեռնությունն առանձնակի գնահատվում է հենց մեր զինվորների կողմից, ովքեր լրացուցիչ անգամ համոզվում են, որ իրենց հարազատ քաղաքի իշխանությունները եւս իրենց հետ են ու պատրաստ են մշտապես աջակցելու», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Կարեւորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու իր գոհունակությունը հայտնելով Երեւանի քաղաքապետարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքներից,  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ սա եւս մեկ կարեւոր քայլ է բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ճանապարհին:

«Մեր հաջողությունը համագործակցությունն է բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակում, եւ մենք միանշանակ բարձր ենք գնահատում Երեւանի քաղաքապետի եւ իր աշխատակազմի այս նախաձեռնությունը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր տարի, առնվազն, երկու անգամ ծնողներին ուղեկցելու իրենց որդիների զորամասեր: Այդպիսի ակցիաներ իրականացնում է նաեւ պաշտպանության նախարարության ղեկավարությունը, եւ վերջին տարիներին բավականին լուրջ միջոցառումներ են կազմակերպվում ինչպես զորամասերում ծնողների հետ հանդիպումներ կազմակերպելու, այնպես էլ լավագույն զինծառայողներին, ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում իրենց ծնողներին հանդիպելու ուղղությամբ: Անշուշտ, այսպիսի հանդիպումների կազմակերպման շնորհիվ ավելի է ամրապնդվում կապը բանակի հետ եւ ոգեշնչվում են ինչպես ծնողները, այնպես էլ զինծառայողները»,- նշել է Սեյրան Օհանյանը:

Կարեւորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը՝  ժամկետային զինծառայողների ծնողներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին եւ Սեյրան Օհանյանին ցուցաբերվող վերաբերմունքի ու հատուկ ուշադրության համար:

Հարկ է նկատել, որ, տարեկան, առնվազն, երկու անգամ սահմանամերձ զորմասերում ծառայող երեւանաբնակ զինվորների հետ իրենց ծնողների հանդիպումները կազմակերպելուն զուգահեռ, Երեւանի քաղաքապետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ մայրաքաղաքից զորակոչված ժամկետային զինծառայողները հնարավորություն են ստանում նաեւ Երեւանում հանդիպելու իրենց ծնողներին ու հարազատներին:

«Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ մենք ոչ միայն ծնողներին ենք ուղարկում զորամասեր, այլեւ ծառայության ժամանակ աչքի ընկած մեր զինվորներն են լրացուցիչ արձակուրդի հնարավորություն ստանում եւ գալիս Երեւան: Այս տարի երեւանաբնակ արդեն ավելի քան 500 զինծառայող է այցելել Երեւան ու խրախուսվել 5-օրյա արձակուրդով: Առիթից օգտվելով՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում պաշտպանության նախարարությանն՝ ի դեմս նախարար պարոն Սեյրան Օհանյանի, ինչպես նաեւ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարությանը՝ այս կարեւոր ծրագրերի իրականացմանն աջակցելու համար»,- ընդգծել է քաղաքապետը:

Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ այցը կազմակերպելու նպատակով  ձեռնարկված անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացված են: Նշվել է նաեւ, որ այս անգամ եւս ճանապարհի երկայնքով ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսները կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների թվում էլ կլինեն բժիշկներ: