Դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրի քվեարկությամբ ծախեցին պայծառ մարդկանց հիշատակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, ում ամուսինը՝ ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը սպանվեց 1999թ հոկտեմբերի 27-ի ոճրագործության ժամանակ:
«Եթե իմ Յուրան գլուխը բարձրացներ եւ տեսներ, որ այն կուսակցությունը, որի հիմնադիրը Աշոտ Նավասարդյանն էր, իր ամբողջ կյանքում պայքարած ռուսական սապոգի դեմ, այդ կոսւակցությունն այսօր բոլշեւիկյան քաղաքական համակարգը ուղղակի կրկնօրինակել է եւ իրականացրել, ես չգիտեմ՝ ինքը ինչ կլիներ: Յուրան հաստատ գերեզմանում շուռ է եկել, որովհետեւ իր կյանքի ամենակարեւոր, պետականամետ գործը, որ արել է, համարում է անկախության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամի գործունեությունը»,-ասաց Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ ամուսինը հպարտությամբ էր պահում հանրաքվեի մասին գրքույկը՝ նշելով, որ դա իր կյանքի ամենակարեւոր գործն է:
Նա նշեց, որ Աշոտ Նավասարդյանը եւ բոլոր տղաները, ովքեր հիմնեցին ՀՀԿ-ն, միանշանակ հավատալով մեր երկրի անկախ, արժանապատիվ ապրելու անհրաժեշտությանը, նրանք բոլորը գերեզմանում շուռ եկան դեկտեմբերի 3-ին: Անահիտ Բախշյանը ԵՏՄ-ին կողմ քվեարկածներին համարում է ուրացած պաշտոնյաներ, ովքեր ծախեցին պայծառ մարդկանց հիշատակը:
Նշենք, որ Ազգային ժողովն դեկտեմբերի 4-ին, ձայների մեծամասնությամբ վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Այդ ընթացքում ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության:
Նշենք, որ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացումներից հետո Հայաստանը 2015-ի հունվարի 1-ին կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ:




























