Ազատագրված Քարվաճառի շրջանում հուլիսին ադրբեջանցի դիվերսանտների կողմից դաժանաբար սպանված 16-ամյա Սմբատ Ցականյանի հարազատները շարունակում են պնդել, որ ադրբեջանցի դիվերսանտներին չդատել, այլ հանձնեն իրենց: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սմբատի մայրը՝ տիկին Կարինեն, նշեց, որ դատական նիստերին ինքը չի գնում, սակայն ընթացքին հետեւում է:
«Գիտեմ, որ արդեն ամսի 12-ին մեղադրական եւ պաշտպանական ճառերն են լինելու, բայց դե արդեն պարզ է, որ Ասկերովն է սպանել, չնայած ինքը չի խոստովանում ու մեղքը չի ընդունում, բայց էն մյուս դիվերսանտն ասաց: Համաձայն չեմ, որ տղայիս վրա յոթ անգամ կրակած անձին դատեն, թող ինձ տան»,- ասաց տիկին Կարինեն:
Դատարանում ցուցմունք տալիս՝ տիկին Կարինեն նշել է, որ որդին ոչ ռուսերեն է իմացել, ոչ էլ անգլերեն, հետեւաբար, ինքը համոզված է, որ դիվերսանտները հայերեն են խոսել Սմբատի հետ:
«Տղուս երեւի հայերենով ասել են՝ Քարվաճառի տեղը ցույց տուր, ինքն էլ տարել է, որ ցույց տա ու էդպես ճանապարհին սպանել են: Իմ տղան շատ խելոք երեխա էր, երեւի մտածել է՝ տուրիստներ են, որոշել է օգնել»,- ավելացրեց նա՝ նշելով, որ զբոսաշրջիկներ հաճախ են իրենց տան մոտով անցնում:
Նշենք, որ դիվերսանտների գործով դատաքննությունն ավարտվել է: Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։




























