Մի խումբ քաղաքացիներ ֆեյսբուքյան նախաձեռնությամբ կոչ են անում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, 1 ժամով՝ 20:00-21:00, տներում անջատել հոսանքը և բոլոր էլեկտրական սարքավորումները` ի նշան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության կազմակերպիչ Սուրեն Անանյանը:
«Բոլորին կոչ եմ անում մասնակցել ակցիային, խնայել գումար և ցույց տալ մեր միասնության ուժը: Սրանով մենք ցույց կտանք, որ մարդիկ դժգոհ են էլեկտրաէնեգիայի թանկացումից: Ակցիան ամեն շաբաթ օր կազմակերպելու ենք մինչեւ խնդիրը չլուծվի»,- ասաց Սուրեն Անանյանը:
Ակցիայի կազմակերպիչը նշեց, որ հետագայում նախատեսում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ այլ ակցիաներ նույնպես կազմակերպել։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց, որով Հայաստանում սպառողների համար էլեկտրաէներգիան այս տարվա օգոստոսի 1-ից թանկացել է 9,9 տոկոսով՝ 3,85 դրամով:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով:




























