«ԵՏՄ պայմանագրին միանալու մասին» ՀՀ պայմանագիրը վավերացնելու վերաբերյալ 2014 թ. դեկտեմբերի 4-ին հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած ռեժիմը եւ նրա հրահանգներով գործող կեղծ ընդդիմության պատգամավորները, խախտելով ՀՀ Սահմանադրությունը, Ազգային ժողովի որոշմամբ վավերացրեցին «Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալու մասին» ՀՀ պայմանագիրը: Այդ մասին ասվում է Նախախորհրդարանի տարածած հայտարարության մեջ:
«Այդ քայլով ռեժիմը ու նրա գլխավորած քաղաքական վերնախավը տնտեսական (Արցախի մասով՝ նաեւ համազգային բնույթի քաղաքական ու անվտանգային նշանակություն ունեցող) ռազմավարական որոշումների կայացման իրավունքը հանձնեցին օտարին եւ փաստորեն անցան մեր պետությունը նորգաղութային կախյալությունից դեպի դասական գաղութային կախյալություն տանելու սահմանը՝ ռեալ վտանգի ենթարկելով հայության համար անսակարկելի արժեքներ համարվող Արցախը եւ մեր պետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը:
Միեւնույն ժամանակ՝ այս քայլը գաղութային վարչակազմի վերածվող ռեժիմի եւ ազգայինի հաշվին օտար շահեր սպասարկող քաղաքական վերնախավի յուրօրինակ գաղտնազերծում (լյուստրացիա) է: Ուստի պետք է արձանագրել, որ դավաճանության ուղին են բռնել ոչ միայն այս պայմանագրին կողմ կամ ձեռնպահ քվեարկած, այլեւ քվեարկությանը չմասնակցած կամ դրանից բացակայած բոլոր այն պատգամավորները, ովքեր հետագայում դեմ չեն արտահայտվի դրան:
Նախախորհրդարանը հերթական անգամ հավաստիացնում է, որ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը 2015 թ. ապրիլի 24-ին՝ մեր զոհերի հիշատակը ոգեկոչելով ու մեր ազգային պահանջատիրական իրավունքին տեր լինելով հանդերձ, ոտքի է հանելու ժողովրդին եւ նրա կամքի պարտադրմամբ հեռացնելու է ազգուրաց ու հանցավոր ռեժիմին:
Ռեժիմին հեռացնելուց հետո չեղյալ են հայտարարվելու ՀՀ ինքնիշխանության եւ շահերի հաշվին կնքված բոլոր միջազգային պայմանագրերը, այդ թվում՝ «ԵՏՄ պայմանագրին միանալու մասին» ՀՀ պայմանագիրը, իսկ մեր պետության արտաքին քաղաքականությունը կառուցվելու է հայաստանակենտրոնության սկզբունքով: Մեր պարագայում այդ սկզբունքը ենթադրում է, որ Հայաստանը.
1. մաս չի կազմելու որեւէ վերպետական միությանը,
2. առավել՝ քան բավարար, համարելով անվտանգության ոլորտում իր եւ Ռուսաստանի համագործակցությունը, հավասարակշռելու է նրա հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում,
3. Արեւմուտքի եւ մյուս աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հաստատելու է մեր ազգային շահերն իրացնելու համար անհրաժեշտ մակարդակի եւ բնույթի գործընկերություն,
4. հարեւան Իրանի հետ հաստատելու է ռազմավարական-տանդեմային դաշինք եւ այդ կերպով վերստին ստանձնելու է պատմականորեն իրեն վերապահված՝ տարածաշրջանային եւ քաղաքակրթական կամուրջ-միջնորդի դերը:
Նախախորհրդարանը վստահ է, որ հայկական բանակը եւ, ի վերջո, նաեւ մյուս ուժային կառույցները, 2015 թ. ապրիլի 24-ից սկսած կանգնելու են մեր ժողովրդի կողքին:
Այս ամենի հաշվառմամբ՝ Նախախորհրդարանը մեր Հայրենիքի ապագայով մտահոգ բոլոր ուժերին ու անհատներին կոչ է անում միանալ ազգային-ազատագրական պայքարին, ակտիվորեն մասնակցել մեր ժողովրդի կամքը ներկայացնող Հիմնադիր խորհրդարանի ձեւավորման եւ 2015 թ. ապրիլի 24-ին ռեժիմին հեռացնելու կազմակերպման գործընթացներին:




























