ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար տուգանքների մասին ոստիկանության կայքից բացի արդեն կարելի է տեղեկանալ նաեւ 4car.am կայքից: NEWS.am-ի խմբագրություն դիմած վարորդները հայտնեցին, սակայն, որ կայքում առկա են մի շարք թերություններ եւ իրենք մտավախություն ունեն, որ ՃՈ աշխատակիցները հերթական «մուտիլովկան» են անում:
«Նախ եւ առաջ գրանցվելու հետ կապված խնդիրներ են առաջանում, ինքս մի քանի անգամ փորձեցի, չէր ստացվում գրանցվել, հետո էլ կայքից հետ զանգեցին ու նոր արդեն կարողացա գրանցվել: Դրանից հետո իմացա, որ վերջին երկու տարվա ընթացքում ես ունեմ 80 հազար դրամի տուգանք, բայց թե որն է վճարած, որը ոչ, բազայում չկա»,- ասաց վարորդներից մեկը:
Նրա խոսքով՝ կայքում գրանցվելը նշանակում է, որ ինքն արդեն ծանուցում է ստացել խախտման մասին, հետեւաբար տեղեկացվել է այդ մասին, բայց հայտնի չէ՝ ինքն այդ խախտման դիմաց վճարել է արդեն, թե ոչ:
«Եթե խախտումների բազան ունեն, ուրեմն պետք է վճարումների բազան էլ ունենան: Յուրաքանչյուր տուգանքի դիմաց գրված է՝ վճարել, այսինքն ստացվում է, որ դու կարող ես վճարածդ տուգանքը նորից վճարես»,- ավելացրեց մեր զրուցակիցը:
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ այդ կայքի մասին իրենք տեղյակ են, իրենց անդամներից մի քանիսը ժամանակին գրանցված է եղել այդ կայքում, սակայն հետո դուրս են եկել, որովհետեւ «այն նորմալ չի գործել»:
«Խախտումների բազան ունի միայն ոստիկանությունն ու այս կայքը, իհարկե խոսքը կարմիր գծերի խախտումների մասին չէ, որովհետեւ դրա վերաբերյալ տեղեկատվությունն ունի միայն Parking City Service-ը»,- ասացին նախաձեռնությունից:
Պարզվում է, որ կայքը գրանցված է այս տարվա սեպտեմբերի 5-ին, սեփականատերն է «Դրայվթեք» ՍՊԸ-ն, հիմնադիրները Ռուզաննա Ավանեսյանն եւ Նարինեն Ադամյանն են:
Պարզաբանում ստանալու համար դիմեցինք կայքի տնօրինությանը: Փոխտնօրեն Անի Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մասնավորապես ասաց, որ իրենք այդ տեղեկատվությունը ստանում է ոստիկանությունից:
«Նախ գրանցման մասին. մեր բոլոր ծառայությունները մատուցելիս՝ որքան էլ դրանք բխում են սոցիալական հիմունքներից, մենք պարտավոր ենք հոգալ մարդու անվտանգության մասին, այսինքն այն տեդեկատվությունն ու ծառայությունը, որ նա ստանում է, չպետք է ստանա իր անվտանգության հաշվին: Երբ մարդը գրանցվում է, նա ներկայացնում է տեխանձնագիր եւ պետհամարանիշ: Եթե դրանք չեն համընկնում ոստիկանության տվյալների հետ, այդ դեպքում գրանցումը դադարեցվում է: Լինում է նաեւ այնպես, որ մարդիկ տվյալ տեխանձնագրով կամ պետհամարանշով գրանցվում են, հետո վաճառում են մեքենան, սակայն գրանցումից դուրս չեն գալիս, նոր սեփականատիրոջը չի թույլատրվում գրանցվել: Այս դեպքում մենք աշխատողները կապվում են նրանց հետ, հասկանում խնդիրը եւ օգնում»,- ասաց նա:
Ինչ վերաբերվում է խախաումների մասին ծանուցում ստանալուն, ապա Անի Մանուկյանը նշեց, որ տուգանքները գալիս են ոստիկանությունից եւ իրենք ոչ մի կերպ իրավունք չունեն՝ խառնվելու տուգանքի չափին, ձեւակերպմանը, հետեւաբար պատասխանատվություն չեն կրում: «Մենք մինչեւ այսօր մեր օգտատերերին խոստացել ենք, որ նա ստանալու է օնլայն եւ մոբայլ ծանուցում իր խախտումների մասին, որը անում ենք: Մինչեւ այսօր խոսք չի եղել, որ մենք տալու ենք տեղեկատվություն, թե որ խախտումն է վճարել, որը ոչ: Հենց այս վայրկյանին աշխատանքներ են տարվում, որ ստեղծվի համակարգ, որտեղ օգտատերը կտեսնի իր կատարած խախտումների ցանկը, որ խախտումների համար է վճարել, ինչ խախտում է կատարել»:
Մինչդեռ վարորդները պնդում են, որ գրանցվելուց առաջ իրենց ոչ ոք չի զգուշացնում, թե ինչպիսի տեղեկատվություն են նրանք ստանալու՝ գրանցվելով այս համակարգում: Շատ վարորդները մտավախություն ունեն, որ սա ոստիկանների հերթական խաղն է:




























