ԵՏՄ միանալու մասին պայմանագիրը ստորագրելով՝ իշխանությունը խախտել է ՀՀ Սահմանադրությունը՝ ռազմավարական որոշումների կայացման իրավունքը հանձնելով օտարին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ շենքի դիմաց գտնվող Գիտությունների ազգային ակադեմիայի մուտքի հարթակից հայտարարեցին «Նախախորհրդարանի» անդամները՝ ընթերցելով այս առնչությամբ «Նախախորհրդարանի» հայտարարությունը։

Հայտարարությունում ասվում է, որ ԵՏՄ անդամակցությունը ռեալ վտանգի է ենթարկում Հայաստանի ինքնիշխանությունը, հայության համար անսակարկելի արժեքներ համարվող Արցախը, եւ ռազմաքաղաքական, տնտեսական, արտաքին հարաբերությունների անվտանգությունը, ընդ որում «ժողովրդի իշխանությունը յուրացրած ռեժիմին» այս հարցում նպաստել է նաեւ «նրա հրահանգներով գործող կեղծ ընդդիմությունը»։

«Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանի կարծիքով՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրի ստորագրումը մեր երկիրը կտանի դասական գաղութային վիճակի։

«Վավերացնողները վստահեցնում են, որ անվտանգությունից ելնելով են ստորագրել պայմանագիրը։ Այդ ի՞նչ վտանգից խուսափեց Հայաստանը եւ ի՞նչ նոր մարտահրավերներ ստացավ այս քայլը կատարելով։ Ինչպե՞ս պետք է այս պայմանագիրը անվտանգություն ապահովի, եթե Ռուսաստանի հետ նախորդ ռազմաքաղաքական պայմանագրերը բավարար անվտանգություն չեն ապահովում։ Մտնելով փոթորկուն ռուսական տնտեսական շուկա՝ Հայաստանն իրեն զրկում է Իրանի հետ համագործակցելուց»,- ասաց Գարեգին Չուգասզյանը։

ԵՏՄ պայմանագրի վավերացումը, ըստ «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի, անպատվաբեր եւ պարտվողական համաձայնություն է, որի տակ ստորագրելն ազգային արժեքներից հրաժարում է նշանակում։

«Փաստաթղթով չի որոշվում պարտությունը։ Պարտությունը ինքնիշխանության լծակները օտարին գաղութարար տիրոջ հանձնելու մեջ է։ Մենք պետք է գանք ապացուցելու, որ պարտվողները հենց այդ պայմանագիրը ստորագրած անձիքն են։ Ժամանակի ընթացքում այս պայմանագիրը ի չիք է դառնալու»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը։

Ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը եւս պայմանագրի ստորագրումը գաղութացման սկիզբ է համարում։ 

«Եթե սա տնտեսական պայմանագիր է, ինչու՞ մինչեւ այժմ  Հայաստանի տնտեսական հեռանկարների  վերաբերյալ հաշվարկներ չկան։ Ակնհայտ է, որ սա ուղղակի իմաստով Հայաստանին հարկադրած քայլ է, եւ Հայաստանի թելադրանքով է մտնում մի տարածք։ Հարկադրանքն արդեն գաղութային, գաղութացված երկրի ստիպած գործողությունն է։  ՀՀ ԱԺ կուսակցությունները, բացի «Ժառանգությունից» եւ մասնավոր 2 անձից, ուղղակի ստորագրեցին Հայաստանի պարզ, իրավական գաղութացման տակ։ Մենք մեր օլիգարխների գաղութից վերածվում ենք Ռուսաստանի գաղութի»,- ասաց ազգագրագետը։

«Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը նշեց, որ ԵՏՄ մտնելով Հայաստանը դառնում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի հակամարտության կողմերից մեկի հակառակորդ՝ ավելացնելով, որ այս պայմանագիրը չեղյալ է համարվելու, երբ իշխանությունը անցնի «Նախախորհրդարանի» ձեռքը։

«Եթե ուրիշ երկիր պետք է պահպանի մեր անվտանգությունը, նշանակում է, որ մենք պետություն չունենք։ Երբ «Հանրապետականը» հպարտանում է, որ Ռուսաստանն է մեր անվտանգության երաշխիքը, ես այդ հպարտության առիթը չեմ հասկանում։ Մեկը լիներ՝ Ռուսաստանի անվտանգությունը ապահովեր։ Ռուսաստանն այսօր խորտակվող նավ է, եւ Արեւմուտքի մեջ կան խորացող բախումներ։ Մտնելով ԵՏՄ դառնում ենք բախվող կողմերից մյուսի՝ Արեւմուտքի հակառակորդը։ Այս պայմանագիրը չեղյալ է համարվելու, երբ մենք հեռացնենք ռեժիմին, թող Պուտինը, Նազարբաեւը հիմիկվանից իմանան, մենք որևեւէ պետության ենթակա չենք լինելու, հիմա ենթակա ենք, բայց ռեժիմի տապալումից հետո Հայաստանը դառնալու է դե ֆակտո ինքնիշխան պետություն»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը։

Գարեգին Չուգասզյանը ասուլիսի վայրը պայմանավորեց այն հանգամանքով, որ իրենց շարժումը դեմ է ԱԺ-ում ԵՏՄ պայմանագրի վավերացմանը։

«Մենք այս վայրում չենք եղել մի քանի օր առաջ, քանի որ սպասելիքներ չունեինք, որ մեր պահանջներն ինչ-որ բան փոխելու են։ Բայց էս ամբողջ տարածքը եւ ամբողջ Հայաստանը մենք համարում ենք մերը, այս շենքը՝ նույնպես։ Այս շենքը դառնալու է այն տեղը, որտեղ նոր որակի հանրապետություն է հռչակվելու»,- ավելացրեց Չուգասզյանը։

Հրանուշ Խառատյանն էլ իր հերթին նշեց, որ թիկունքով կանգնելով ԱԺ-ին՝ իրենք դեմքով առ գիտություն են, որը մեր պետությունն անուշադրության է մատնել։

«Այս պահին թիկունքով լինելով՝ մերժում ենք ԱԺ ներսում գտնվողների, իրենց քվեարկության իրավունք վերագրածների այսպիսի որոշումը»,- նշեց Խառատյանը։