Սպիտակ քաղաքի 31-ամյա բնակչուհի Մելինե Դարչինյանը երեք հաջողակներից մեկն է, որոնք 1988 թվականի դեկտեմբերի 7-ին եղել են Սպիտակի թիվ 2 մանկապարտեզում եւ ողջ են մնացել:

Մելինեն 5 տարեկանի համար անսովոր մանրամասնությամբ հիշում է, թե ինչպես է հրաշքով փրկվել փլատակների տակ մնալուց:

«Ես այդ օրը մանկապարտեզում էի: Մի քիչ չար երեխա էի, երբ ժամը եկավ, որ բոլոր երեխաները պետք է քնեին, ես դասատուին համոզեցի, որ ինձ ու երկու ընկերներիս թողնի դուրս գանք բակում խաղալու ու չքնենք: Ինքը թույլ տվեց ու երբ մենք դուրս եկանք շենքից,  վայրկյաններ հետո շենքն սկսվեց փլվել»,-NEWS.am-ին պատմեց Մելինե Դարչինյանը:

Երկրաշարժը ավերակների է վերածել 5 հարկանի շենքը, որի առաջին հարկում մանկապարտեզն է եղել: Մանկապարտեզի 100 սաներից ողջ են մնացել միայն Մելինեն ու այն երկու երեխաները, որոնց նա իր հետ դուրս էր հանել շենքից: 

Մելինեի ծնողները հազիվ են ճանաչել ավերակների փոշու ու ծխի մեջ կանգնած իրենց  դստերը:

«Լացում էի, գոռում էի, ամեն ինչ այրվում էր, հետո երեխաների ծնողներն էին հավաքվել, լացում էին, չէին կարողանում երեխաներին գտնեին: Իմ մաման ու պապան էլ որ եկան, չէին հավատում, որ ես կարող էի ողջ մնացած լինել, շուրջն ամեն ինչ վառվում էր: Մամաս ինձ տեսավ, ուշագնաց եղավ»,-պատմեց Մելինեն:

Մելինեն այն քիչ հաջողակներից էր, որ երկրաշարժի հետեւանքով ընտանիքի անդամներից ոչ մեկին չէր կորցրել: Ապրելու դժվարություններն ու առողջական խնդիրները նրան ստիպել են երկրաշարժից հետո մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Նա մինչեւ օրս ապրում է այնտեղ:

Նշենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին առավոտյան ժամը 11:41 րոպեին: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Այն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ եւ ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք եւ շրջան, 342 գյուղ: Անօթեւան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20 հազար մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12 հազար 5 հարյուր մարդ, զոհերի թիվը կազմել է 25 հազար մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝ մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ: