Սյունիքի մարզի Հալիձոր համայնքում օրերս ավարտվել է դպրոցի շենքի հիմնանորոգումը, որն իրականացվել է «Տաթեւի վերածնունդ» եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ դեկտեմբերի 6-ին Հալիձոր այցելեցին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը եւ հիմնադրամի տնօրեն Արմեն Գեւորգյանը, ովքեր մարզային եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց կատարեցին դպրոցում, ծանոթացան կատարված աշխատանքների որակին եւ աշակերտների համար ստեղծված պայմաններին, ինչպես նաեւ ներկա գտնվեցին դպրոցի սաների կողմից ի պատիվ հյուրերի կազմակերպված միջոցառմանը:

Դպրոցի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 107 մլն 350 հազ. դրամ, որից 51,4 մլն դրամը հատկացվել է «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամի կողմից, եւս 55,9 մլն դրամ տրամադրել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը, որոշակի մասնակցություն են ունեցել նաեւ համայնքը եւ Սյունիքի մարզպետարանը։

«Տաթեւի վերածնունդ» ծրագիրը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի խոշոր նախագծերից է, որի հիմնական նպատակներից է նաեւ Տաթեւի վանական համալիրի հարակից համայնքների (որոնց թվում է նաեւ Հալիձորը) ենթակառուցվածքների բարելավումն ու համայնքների կայուն զարգացմանն աջակցությունը։