1988թ. երկրաշարժի 26-րդ տարելիցին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում աղետի զոհերին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին քաղաքային, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ հազարավոր գյումրեցիներ:

Գյումրեցիները NEWS.am-ի հետ զրույցում բողոքեցին, որ, ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես, շատ պաշտոնյաներ անտեսել են իրենց:

«Ու՞ր է Աշոտ Աղաբաբյանը, Արմանը Սահակյանը,  Հովիկ Աբրահամյանը: Թե՞ Գյումրին չիդեն՝ ուրդեղ է: Թողնիս մենակ Աղաբաբյանը ակտիվիստներին վրա տա: Դե արի, մեր վիշտը հարգե, դու անմեղ զոհ չունի՞ս»-ասաց գյումրեցի Ռազմիկ Եղոյանը:

Գյումրեցիներին բարկացրել էր նաեւ այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակներ էին ուղարկել՝ անձամբ Գյումրի գնալու փոխարեն: Գյումրիում էին ԱԺ գյումրեցի պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Սուքիաս Ավետիսյանն:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի խոսքով՝ երկրի ղեկավարի բացակայությունը չի նշանակում, թե նա չի հարգում աղետի զոհերի հիշատակը:

«Միայն այս տարի երկրի ղեկավարը երկու անգամ եղել է Գյումրիում: Կարծում եմ, որ այդ այցելություններն ավելի կարեւոր են, քանի որ կոնկրետ խնդիրներ են քննարկվում, լուծումներ են տրվում, պարտադիր չէ, որ հենց այդ օրը այցելություններ լինեն: Իսկ մյուս պատգամավորների հետ կապված՝ կասեմ, որ ամեն մարդ ինքն է որոշում, դա անձնական խնդիր է, գուցե զբաղված են»,- NEWS.am-ին ասաց պատգամավորը:

Նշենք, որ արդեն երկրորդ տարին է՝ գյումրեցիները դեկտեմբերի 7-ը «ամոթի օր» են կոչում՝ հիմնավորելով, որ երկրի ղեկավարությունը 26 տարիների ընթացքում չկարողացավ լիովին վերականգնել քաղաքը, վերացնել Գյումրում այն տնակային ավանները, որտեղ հազարավոր գյումրեցիներ են ապրում անմարդկային պայմաններում:

Նշենք, որ նախորդ օրը Գյումրի կատարած այցելությունից հետո «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը չէին վերադարձել Երեւան, այսօր նրանք եւս մասնակցեցին երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին մատուցված սուրբ պատարագին:

 Նշենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ առավոտյան ժամը 11:41 րոպեին: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Այն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ եւ ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել է 21 քաղաք եւ շրջան, 342 գյուղ: Անօթեւան է մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20 հազար մարդ, որոնցից հոսպիտալացվել է 12 հազար 5 հարյուրը, զոհերի թիվը կազմել է 25 հազար մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝ մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ: