Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում դեկտեմբերի 8-ին տեղի կունենա հայկական գինիների համտես-շնորհանդես:
Համտեսը տեղի կունենա Բրյուսելի հանրաճանաչ եւ շքեղ «Solvay» գրադարանում, որի համապատասխան տարածքը կհամապատասխանեցվի միջոցառման անցկացման ձեւաչափին:
Միջոցառման իրականացմանը աջակցում է բելգիական համապատասխան մասնագիտացված կազմակերպությունը:
Համտեսին հրավիրված են խոշոր առեւտրային ցանցերի, գինու ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ռեստորանային բիզնեսի, դիվանագիտական կորպուսի եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, սոմելիեներ, ինչպես նաեւ տվյալ ոլորտում հայտնի լրագրողներ:
Համտեսը կնպաստի հայկական գինեգործության վերաբերյալ եվրոպական շուկայում իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաեւ գինիների արտահանման համար նոր շուկաների եւ գործընկերների բացահայտմանը։
Համտեսը կիրականացվի արհեստավարժ սոմելիեների կողմից: Միջոցառմանը մասնակցում են հայկական գինեգործական 14 ընկերություն՝ իրենց սպիտակ եւ կարմիր անապակ գինիներով:
Համտես-շնորհանդեսին նախատեսվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կ․ Ճշմարիտյանի, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թ. Մարգարյանի, ԵՄ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ Վ. Սիմոնյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը։
Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության, Եվրոպական Միությունում ՀՀ առեւտրային ներկայացուցչության, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի եւ Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ:




























