Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը չի հանդիպել իրենց մարզ այցելած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարզպետը:
Նա չի մասնակցում նաեւ նրա հանդիպումներին, քանի որ կարիք չկա մասնակցելու: «Սպորտսմենների հետ հանդիպում է, շնորհավորում է, ես եղել եմ արդեն, երկրորդ անգամ չեմ մասնակցելու»,-ասաց նա: Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ նորմալ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ, ոչ մի խնդիր չի տեսնում նրա այցելության մեջ եւ ընդհակառակը՝ միայն ուրախ են ու լավ են վերաբերում, երբ գյումրեցիներին օգնողներ են լինում:
Դիտարկմանը, թե նորմալ է, որ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքաետ Սամվել Բալասանյանը աշխատանքի ժամին ուղեկցում է նրան, մարզպետն ասաց, որ դա քաղաքական գործունեությամբ զբաղվել չէ, աշխատանքային հանդիպում է Օլիմպիական կոմիտեի գծով:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը այցելել է Գյումրի, 45 մլն դրամ հատկացրել սոցիալական ծանր պայմաններում ապրող գյումրեցիներին։ Դրանից բացի՝ Ծառուկյանը ֆինանսական օգնություն կտրամադրի ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, որպեսզի վերջինը փոխանցի նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին։ ԲՀԿ առաջնորդին ուղեկցել են Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը։ Հուշարձանի մոտ հավաքվել էին նաեւ Գյումրիի դպրոցների ԲՀԿ-ական տնօրենները։




























