Ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ հանցագործություն, արդեն ոչ միայն Հայաստանի, այլեւ համայն մարդկության խնդիրն է դարձել, դեկտեմբերի 8-ին Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը:
Սահակյանը ուրուգվայցի հյուրին շնորհակալություն է հայտնել ՀՀ խորհրդարանում ունեցած անկեղծ ելույթի համար եւ հավելել, որ հայ ժողովուրդը կգնահատի մարդկության դեմ հանցագործության վերաբերյալ հնչած կտրուկ եւ անզիջում դատապարտումը: Ուրուգվայի դիրքորոշումը շատ մոտ է առաջադեմ մարդկության դիրքորոշմանը:
«Ասես նախախնամության կամքով, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին մեզ հյուր եկավ Ուրուգվայի՝ 1965թ. Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած երկրի Սենատի նախագահը: Մենք ցանկանում ենք, որ այդ երկրից ժամանած հյուրերն իրենց զգան ինչպես տանը»,- հավելել է Սահակյանը:




























