Դեկտեմբերի 9-ին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը Երեւանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցում անցկացնելու է հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում» թեմայով:

Նպատակներն են՝

• օժանդակել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի եւ միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը.

• ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը.

• կատարելագործել ՀՓՋ օղակների հրամանատարների գործնական ունակությունները բացազատման ժամանակ.

• ստուգել կրթահամալիրի ուսուցչական կազմի պատրաստականությունը.

• աջակցել դպրոցի ղեկավարությանը` հնարավոր թերությունների վերացման հարցում:

Ըստ սցենարի` «911» ծառայությունում ահազանգ է ստացվում, որ դպրոցի 2-րդ հարկի դասասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Առաջացել է ծխապատ գոտի, կրակը տարածվում է:

Երեւանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցը ներգրավված է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության Աղետների ռիսկի նվազեցման ներառական ծրագրի երկրորդ փուլում, որի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության ֆինանսավորմամբ Երեւանի, ինչպես նաեւ Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի 61 կրթական եւ խնամքի հաստատություններում իրականացվում են աղետների ռիսկի նվազեցման աշխատանքներ: