Տարբեր ինտեգրացիոն միավորումների միջեւ շփումները շատ կարեւոր են: Այս մասին դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին:

Պատասխանելով հարցին՝ շահավետ է արդյոք միջազգային միավորումներին անդամակցելը (հաշվի առնելով MERCOSUR-ին Ուրուգվայի անդամակցության վաղուցվա փորձը) եւ արդյոք Ուրուգվայի տնտեսությունը դիմանում է բրազիլական  եւ արգենտինական տնտեսությունների մրցակցությանը, Աստորին ընդգծել է, որ ինտեգրման հարցը շատ կարեւոր է  Ուրուգվայի համար:

Փոխնախագահի խոսքով՝ ԵՏՄ-ի հետ շփումների թեման ինքը քննարկել է Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստան վերջերս կատարած այցի ընթացքում:

«Ուրուգվայի նոր կառավարությունը, որը աշխատանքը կսկսի 2015թ. մարտի 1-ից, մի շարք կարեւոր օրինագծեր է պատրաստում, որոնք վերաբերում են MERCOSUR-ի եւ ինտեգրացիոն այլ միավորումների միջեւ կապերին: Այդ միությունները պետք է ճկուն լինեն եւ միմյանց հետ համագործակցության ուղիներ փնտրեն», - նշել է Աստորին:

Հիշեցնենք, Հայաստանը Եվրասիական միության անդամ է դառնում 2015թ. հունվարի 1-ից: