Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը իր աշխատակազմը շարունակում է համալրել սկանդալային դեմքերով: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Գալուստ Սահակյանը իրեն օգնական է բերել Կառավարման ակադեմիայի նախկին ռեկտոր, մի շարք սկանդալային պատմություններով հայտնի Հովհաննես Հարությունյանին:

Հայաստանի Կառավարման ակադեմիայի նախկին ռեկտորը պարբերաբար հայտնվում էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: «Առավոտը» դեռ մի քանի տարի առաջ գրել էր, որ  գրագողությամբ զբաղվելու, ուսանողին հայհոյելու ու ծեծելու համար Հովհաննես Հարությունյանը որեւէ պատժի չի արժանացել: Նրա վերընտրության ժամկետը լրացել էր, այդ պատճառով էլ նոր ընտրություններում նա իր տեղը զիջել է կարկառուն դաշնակցական, նախկինում տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Դավիթ Լոքյանի հորեղբոր տղային՝ Արսեն Լոքյանին: Դրանից հետո  Հայաստանի կառավարման ակադեմիայի նախկին ռեկտոր Հովհաննես Հարությունյանը մեկնել էր Հայաստանից ու թե ի՞նչ ուղղությամբ եւ ի՞նչ պատճառով, տեւական ժամանակ է՝ անհայտ էր: 

Ավելի վաղ ԱԺ նախագահը ռեֆերենտներ էր տարել ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներ Հայկ Բաբուխանյանի եւ Վարդան Այվազյանի դուստրերին՝  Արմինե Այվազյանին ու Զարուհի Բաբուխանյանին, իրեն օգնական էր նշանակել նաեւ Կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանի որդուն՝ Արթուր Թովմասյանին: Լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, թե ԱԺ նախագահի աշխատակազմը կհամալրի նաեւ նածկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովը: