Ուրուգվայը շարունակելու է աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Հայաստանի ԱԳ  նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի Սենատի նախագահ Դանիլո Աստորին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Ուրուգվայի հետ ձեւավորված հարաբերությունները, եւ, չնայած այն հանգամանքին, որ երկու երկրների միջեւ հազարավոր կիլոմետրեր են ընկած, Հայաստանը եւ Ուրուգվայը մոտ երկրներ են, որոնց միավորում են ամուր բարեկամությունը եւ նվիրվածությունը համամարդկային արժեքներին:

Ուրուգվայի փոխնախագահը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ շեշտեց, որ Ուրուգվայը մեծապես գնահատում եւ կարեւորում է բարեկամությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ: Նա նշեց, որ երկու բարեկամ երկրներն ունեն պատմական ու մշակութային շատ ընդհանրություններ: Դանիլո Աստորին կարեւորեց Ուրուգվայում հայկական մեծ համայնքի առկայությունը եւ Հայաստանի հետ փոխգործակցության խորացմանն ուղղված նրանց գործունեությունը:

Զրուցակիցներն ընդգծեցին, որ ս.թ. հուլիսին ՀՀ նախագահի՝ Ուրուգվայ կատարած պետական այցելությունը, դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը նոր լիցք են հաղորդել երկկողմ համագործակցությանը։

Էդվարդ Նալբանդյանը հատուկ շեշտեց, որ դեռեւս 1965թ. աշխարհում առաջինը ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Ուրուգվայը սկիզբ դրեց միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին։ Նախարարը երախտագիտություն հայտնեց Մոնտեվիդեոյում Հայոց Ցեղասպանության թանգարան հիմնելու որոշման համար։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների եւ դրանց կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները։