Դեկտեմբերի 7-ին Սիրիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ եւ Դամասկոսի համալսարանին կից լեզուների բարձրագույն ինստիտուտի եւ նորաբաց հայոց լեզվի ուսուցման բաժնի նախաձեռնությամբ՝ «Լեզուներն ու քաղաքակրթությունները» խորագրով կազմակերպված միջոցառման շրջանակներում բացվեցին հայկական մշակույթի օրերը:
Բացման արարողությանը մասնակցում էին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը եւ Դամասկոսի համալսարանի ռեկտոր Մուհամմադ Հասսան ալ-Քուրդին, ուսանողներ, բազմաթիվ հյուրեր:
Ցուցահանդեսային մասում ներկայացված էին հայոց լեզվի եւ գրականության, ինչպես նաեւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի, ԵՊՀ Արեւալագիտության ֆակուլտետի հրատարակությունները, հայկական տարազները, Մատենադարանի մանրանկարչության եւ արաբալեզու ձեռագրերի նմուշները:
Բացման արարողությունից հետո Դամասկոսի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների առջեւ դասախոսությամբ հանդես եկավ դեսպան Արշակ Փոլադյանը՝ «Արեւելագիտությունը Հայաստանում» եւ «Հայաստանն արաբական միջնադարյան պատմա-աշխարհագրական հուշարձաններում» թեմաներով:
Դեսպանը հանգամանորեն անդրադարձավ Հայաստանում արեւելագիտության, հատկապես արաբագիտության նվաճումներին, արաբալեզու սկզբնաղբյուրների ուսումնասիրությանը` կարեւորելով հայկական մշակույթի օրերի դերը հայ-արաբական հարաբերությունների զարգացման գործում:
Հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեցին նաեւ Հայաստանում արեւելագիտության մասին ճանաչողական եւ Սիրիայում ՀՀ դեսպանության ու սիրիական հեռուստատեսության ջանքերով պատրաստած «Հայաստանը երեկ եւ այսօր» տեսաֆիլմերը:
Հայկական մշակույթի օրերի շրջանակներում ներառված են դասախոսություններ հայոց լեզվի եւ գրականության թեմաներով, ինչպես նաեւ տեսաֆիլմեր Հայաստանի հոգեւոր եւ նյութական մշակույթի մասին:
Միջոցառումները շարունակվելու են մինչեւ դեկտեմբերի 14-ը:


























