Դեկտեմբերի 7-ին՝ 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակի օրը, Երեւանի «Հայաթ Փլեյս» հյուրանոցում բացվեց  Սպիտակի երկրաշարժը վերապրած նկարիչների, ձեռագործ վարպետների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Միջոցառմանը ներկա էր նաեւ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը։

Նախաձեռնության հեղինակ Գայանե Բունիաթյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ 6-օրյա ցուցահանդես-վաճառքի կազմակերպման նպատակն է երկրաշարժը վերապրած արվեստագետներին օգնել վաճառելու իրենց աշխատանքները, քանի որ վերջինները հազվադեպ են նման հնարավորություն ունենում:

Ցուցահանդես-վաճառքի օրը, նրա խոսքով, խորհրդանշական է. «Այս օրը ընտրվեց, որպեսզի եւս մեկ անգամ հանրությանն ասվեր, որ Սպիտակը միայն աղետ չէ, վիշտ չէ, այլեւ վերածնունդ է: Նաեւ Սպիտակում կա մշակույթ, որ սպիտակցին կարողանում է ներկայանալ հանրությանն իր ձեռքի աշխատանքներով, եւ իր արվեստով», - ասաց Գայանե Բունիաթյանը:

Հատկանշական է, որ ներկայացված աշխատանքներից եւ ոչ մեկում արծարծված չէր երկրաշարժի թեման:

«Սպիտակցին էլ չի ուզում ոչ էդ պատկերը տեսնել, ոչ նկարել: Մեզ համար շատ ծանր է այդ ամենը նորից տեսնելը», - նշեց նախաձեռնության հեղինակը:

Քաղաքապետ Գագիկ Սահակյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ ցուցահանդեսը վկայում է Սպիտակի վերածննդի մասին:

«Խորը կսկիծով ենք այս օրը նշում, բայց այս ցուցահանդեսը խոսում է այն մասին, որ սպիտակցին չի ընկճվել. եւ քաղաքն է կառուցում, եւ արվեստի մասին է մտածում»,- ասաց Սպիտակի քաղաքապետը: