Ռուսաստանի տնտեսությունում 2015-ին տնտեսական անկում կլիներ նաեւ առանց պատժամիջոցների: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Հասարակական պալատում էներգետիկայի հարցերով խորհրդակցության ժամանակ հայտարարել է «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը:
Նրա խոսքով՝ պատժամիջոցները միայն մեծացրել են բացասական էֆեկտը: «Բայց եկեք ամեն բան չգցենք պատժամիջոցների վրա: Մենք ինքներս բազմաթիվ խնդիրներ ունենք: Առանց պատժամիջոցների էլ հաջորդ տարի մենք ունենալու էինք կամ զրոյական աճ, կամ անկում: Ուստի խնդիրը մեր մեջ է, ոչ թե պատժամիջոցների»,-հայտարարել է բանկի ղեկավարը:
Նա ընդգծել է, որ բոլորի համար ակնհայտ էր, որ 2015-ին ՌԴ տնտեսությունում անկում է լինելու: «Ես դրական աճի ոչ մի լուրջ գնահատականի չեմ հանդիպել, այն եղել է 1,2-2,5 տոկոս անկման սահմաններում: Մակրոէկոնոմիկան իներցիոն բան է, այն երկար-երկար լիցքավորում են ու հետո նույնկերպ երկար ուղղում»,-հավելել է Գրեֆը:



























