Որեւէ երկիր, որեւէ երկրի նախագահ եւ նախարար երբեւէ չեն ընդունում, որ իրենք ունեն քաղբանտարկյալներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյանի կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հայտարարությանը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

Ավետիք Իշխանյանը նշեց, որ կարելի է նախարարին հարց տալ, թե արդյոք նա որեւէ տեղեկություն ունի որեւէ պետության մասին, որը ընդունի, որ ունի քաղբանտարկյալ: «Որեւէ երկիր չի ընդունի, որ ինքը ունի քաղբանտարկյալ: Քաղբանտարկյալներին ընդունել, չընդունելը տվյալ երկրի տիրույթում չէ, դա ընդունում է հասարակությունը եւ միջազգային հանրությունը»,-ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ Ադրբեջանում էլ չեն ընդունում, որ քաղբանտարկյալ ունեն: Ավետիք Իշխանյանը տեղեկացրեց, որ Բազելի քաղաքացիական հասարակության հռչակագրում, որը հրապարակվել է եւ բաժանվել նաեւ ԵԱՀԿ նախարարների հանդիպմանը, Հայաստանի մասում զեկույցում նշված է, որ Շանթ Հարությունյանը, նրա ընկերները, Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյալներ են, ուրեմն՝ նախարարը տեղյակ չէ այդ զեկույցից:

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ վստահեցրեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը վստահեցրել է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Նրա խոսքով՝ մոնիտորինգային որեւէ իրավապաշտպան կազմակերպության կամ որեւէ երկրի քաղաքական զեկույցներում արձանագրված չէ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան:

Դիտարկմանը, թե Շանթ Հարությունյանն ու Վոլոդյա Ավետիսյանը ճաղերի հետեւում հայտնվեցին հենց քաղաքական գործունեություն ծավալելու համար, նախարարը պատասխանել է. «Քաղաքականությունը եւ քրեական իրավունքը տարբեր բաներ են, մարդը կարող է քաղաքական որոշակի գործընթացի մասնակից լինել եւ դրանց մասնակից լինելով՝ թույլ տալ այնպիսի բնույթի խախտումներ, որոնք կարող են Քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ որակվել՝ որպես հակաօրինական եւ քրեորեն հետապնդելի»: