Քննիչների դեմ գործերը Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կարճել է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ դատախազը կարճել է բոլոր քննիչների դեմ հարուցված քրեական գործերը: Խոսքը վերաբերում է թե Շենգավիթի, թե Մալաթիա-Սեբաստիայի բաժնի, թե Հատուկ քննչական ծառայության քննիչներին:

Այս ամբողջ շոուն տեղավորվում է Քննչական կոմիտե-Դատախազություն պայքարի ոլորտում, մասնավորապես՝ «ով է ավելի ուժեղ տղա» համատեքստում:  Պատահական չէ, որ սկզբից դատախազությունը հարուցեց գործերը, այնուհետեւ ՀՔԾ-ում դրանք կարճվեցին, հետո նորից դատախազությունը վերացրեց կարճման որոշումը եւ ահա որոշ ժամանակ անց որոշեց կարճել դրանք:

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանից, ով առայժմ հաստատեց միայն Մալաթիայի քննիչների եւ դատախազի դեմ հարուցված գործերը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու մասին տեղեկությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Ա. Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը եւս կարճվել է: