«Զվարթնոց» եւ «Շիրակ» միջազգային օդանավակայանները 2014 թվականի հունվար-նոյեմբերին ամիսներին սպասարկել են 1 մլն 931 հազար 554 ուղեւորի, ինչը 332 376 ուղեւորով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ: Այսպիսով օդային ճանապարհով ուղեւորահոսքի աճը կասմել է 20,8 տոկոս:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 976 708 ուղեւոր (803 523 ուղեւորի փոխարեն 2013 թվականի նույն ժամանակաշրջանում), իսկ ժամանել է 954 846 (795 652 ուղեւոր՝ 2013-ին): Մեկնողների եւ ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 21 862 մարդ (39 910 մարդ հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատականի դիմաց):
Մեկնած ուղեւորների տեսակարար կշիռը ընդհանուր ուղեւորափոխադրումների մեջ կազմում է 50,6 տոկոս 2013 թվականի նույն ժամանակաշրջանի 50,2 տոկոսի փոխարեն:
Բեռնափոխադրումների ծավալը աճել է 3 տոկոսով եւ կազմել է 9 478 տոննա, իսկ թռիչք/վայրէջքների քանակը աճել է 17,3 տոկոսով եւ կազմել 9 739:



























