Վանաձոր քաղաքի բնակչուհի 24-ամյա Անի Բ.-ն հայտնել է, որ 2014թ. նոյեմբերի 11-ին ոստիկանների ուղեկցությամբ գնացել է ոստիկանության Տարոնի բաժին, որտեղ պաշտոնատար անձինք իր նկատմամբ կիրառել են հոգեբանական ճնշումներ, նսեմացրել են արժանապատվությունը, ծաղրել եւ անձնական բնույթի վիրավորանքներ են հասցրել:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բնակչուհին նշել է, որ այդ ամենի արդյունքում ինքը տվել է համացանցով այլ անձին վերաբերող պոռնկագրական նյութեր տարածելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունք:

Այնուհետեւ, մի քանի օր անց դրանից դրդված կատարել է ինքնասպանության փորձ:

Քաղաքացի Անի Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ այս դեպքի մասին առաջինն ահազանգել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ նշելով, որ սկզբում ոստիկանություն են տարել աղջկա հորը եւ սպառնացել, որ  ծեծի կենթարկեն եւ կզրկեն աշխատանքից, եթե չհայտնի դստեր գտնվելու վայրը: Նույն օրը աղջիկը ներկայացել է ոստիկանություն, որտեղ սպառնալիքների եւ ճնշումների ազդեցության տակ տվել է խոստովանական, իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:

ԴՐանից հետո պարզաբանմամբ է հանդես եկել ոստիկանությունը, նշելով, որ նոյեմբերի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում Ա. Բ-.ն հարցաքննվել է որպես կասկածյալ, տվել խոստավանական բնույթի ցուցմունքներ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ոստիկանության պարզաբանման մեջ ոչ մի խոսք չկա աղջկան նվաստացնելու, սպառնալու եւ բանտային սարսափելի պայմանների մասին պատմություններով վախեցնելու մասին: