Ղարաբաղա-ադրբեջանական  հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում դեկտեմբերի 8-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված 19-ամյա Գարիկ Իսպիրյանի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին զինվորական կարգով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը:

«Հուղարկավորությունը գյուղում է լինելու, հատուկ գերեզմանոց ունենք հերոսների համար: Գարիկի մարմինն արդեն տեղափոխել են Երեւան, հերձումից հետո կբերեն գյուղ, ընտանիքին էլ երեկ ասացինք, այլեւս թաքցնել չէր լինում»,- ասաց գյուղապետը:

Վարդան Պողոսյանը պատմեց, որ Գարիկի ծնողները դեպքի օրն էին որդուն ծանրոց ուղարկել, որը նա պետք է վերցներ՝ դիրքերից իջնելուց հետո:

«Դեպքից երեք օր առաջ հեռախոսով էին հետը խոսել, իսկ հենց ամսի 8-ին էլ մեր գյուղացի մի զինվորի հետ ուտելիք էին ուղարկել, Գարիկը դիրքերից պիտի իջներ ու վերցներ, բայց... տեսաք՝ ինչ եղավ»,- ավելացրեց համայնքի ղեկավարը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարել էր, որ Ղարաբաղա-ադրբեջանական  հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Գարիկ Արտեմի Իսպիրյանը:

Հարուցվել է քրեական գործ:

Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել է զոհված զինծառայողին: