Այն երկրները, որոնք մտադիր են միանալ ԵՏՄ-ին, Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնություն ստորագրած երկրների նկատմամբ ունեն մի առավելություն: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, «Ռուսաստան-Հայաստան ինտեգրում գլոբալ ճգնաժամի ֆոնին» զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգության կենտրոնի գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաեւը:

Նրա խոսքով՝ ԵՏՄ-ին ինտեգրվող երկրները բանակցային առավել շահավետ դիրքեր ունեն: «Սա նշանակում է, որ պարզեցնելու եւ խորացնելու դեպքում կարելի է պահանջել ավելին եւ հավակնել ավելիին», - ընդգծեց Նիկոլայ Սիլաեւը: Նա նաեւ հավելեց, որ Ռուսաստանը, նախաձեռնելով այդ ինտեգրացիոն միավորումը, ավելի շատ պատասխանատվություն է ստանձնում: