Ամենուրեք ընդունված է, որ գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունները գործեն առանձին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպանության նախկին նախարար, աշխարհագրական գիտությունների դոկտոր Կարինե Դանիելյանը:

Նա չի կարծում, թե այս պահին Հայաստանի Կառավարությունը միավորի այդ երկու նախարարությունները: «Իհարկե, այդ երկու նախարարությունների գործառույթները բավականին մոտ են, այդ առումով հասկանում եմ կառավարության մոտեցումը, բայց մյուս կողմից գյուղնախարարությունը բնական ռեսուրսները շահագործող կազմակերպություն է, իսկ բնապահապանությունը՝ վերահսկող, այդ առումով շահերի բախում կարող է լինել»,-ասաց նախկին նախարարը:

Կարինե Դանիելյանը նշեց, որ նախաձեռնությանը հստակ գնահատական կարելի է տալ, երբ պարզ կլինի, որ նման բան են անում եւ հրապարակվի նաեւ հիմնավորումը:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» թերթը, վկայակոչելով  Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներին, հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է միավորել գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունները: «Ծրագիրը, ըստ այդմ, իրականացվելու է մինչեւ գարուն, իսկ միավորված նոր նախարարության ղեկավար է նշանակվելու գյուղատնտեսության ներկայիս նախարար Սերգո Կարապետյանը: Թե բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի համար ի՞նչ են մտածում՝ դեռ հայտնի չէ: Վերջինս, մինչ նախարար նշանակվելը, Արարատի մարզպետն էր եւ այսօր էլ մեծ ազդեցություն ունի այնտեղ: Կառավարության կառուցվածքում այլ փոփոխություններ էլ են նախատեսվում: Դրանցից մեկի՝ ներքին գործերի նախարարության ստեղծման մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն հայտարարել է»։