Թուրքիայում հրատարակվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ, թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում եւ ուծացում» գիրքը («Իլեթիշիմ» հրատարակչություն):
Ինչպես տեղեկացնում է Akunq.net-ը, Գրքում տեղ գտած առաջին հոդվածում Աքչամը ներկայացնում է, թե ինչու եւ ինչպես է սկսել հետաքրքրվել Հայոց ցեղասպանության խնդրով եւ վերջին 30 տարում ինչպիսի հակազդեցությունների է հանդիպել դրա պատճառով: Երկրորդ հոդվածում պրոֆեսորն անդրադառնում է Սարգիս Թորոսյանի հուշերի հրատապարակման հետեւանքով մեկնարկած եւ տարբեր ճակատներում շարունակված բանավեճին: Իսկ ժողովածուում ընդգրկված վերջին հոդվածում, որը նաեւ ամենահամապարփակն է երեք հոդվածներից, Աքչամը վերլուծում է հայերի բռնի ուծացման հարցը:
Ըստ Աքչամի` բռնի ասիմիլացիան կատարվել է առնվազն 4 ձեւերով` բռնի իսլամացում, ժամանակավոր վերաբնակեցում, երեխաների հավաքագրում եւ մուսուլման ընտանիքներին հանձնում եւ վերջապես` մանկամարդ կանանց ու աղջիկների բռնի ամուսնություն` մահմեդականների հետ: Թուրք գիտնականը, գրքում պնդելով, թե բռնի ուծացումը Հայոց ցեղասպանության անքակտելի մասն է, նաեւ անդրադառնում է այն հարցին, թե ինչու է այդ փաստը մինչ օրս անտեսվել:




























