Բազմաթիվ կառույցների եւ համակարգերի ղեկավարման գործում երկարամյա փորձ ունեցող Արմեն Հայրապետյանը ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի պաշտոնում նշանակվելուց հետո «կադրային ջարդի» քաղաքականություն չի իրականացնում: Այս մասին ասված է NEWS.am-ի խմբագրություն ուղարկված պարզաբանման մեջ:
«Ծառայության աշխատակիցներից ոմանք ունեցել են պաշտոնի բարձրացում, մյուսները տեղափոխվել են այլ աշխատանքի, իսկ ոմանք էլ հրաժարվել են աշխատել ՀՀ օրենսդրության սահմաններում կատարվող այն բարեփոխումների պայմաններում, որոնք արվում են Ծառայության նորանշանակ պետի նախաձեռնությամբ: Միաժամանակ հայտնում ենք, որ Ծառայությունում թափուր հաստիքների համալրումը բնականոն երեւույթ է, իսկ նոր աշխատակիցների ընտրությունն իրականացվում է՝ հաշվի առնելով վերջիններիս մասնագիտական ունակությունները եւ կառավարման որորտում ունեցած փորձը»,-ասված է ուղարկված պարզաբանման մեջ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերջերս նշանակված պետ Արմեն Հայրապետյանը («Սամսունգի Արմենը») կադրային ջարդ է անում: Այս մասին հայտնել էին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ պաշտոնին նշանակվելուն պես նա մի շարք աշխատակիցների հասկացրել է, որ չի ցանկանում աշխատել նրանց հետ: Այսպես, աշխատանքից ազատվել է սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ, ծառայության պետի խորհրդականը: Արձակուրդից չի վերադառնա նաեւ ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը, ում եւս նոր պետը հասկացրել է, որ չի ցանկանում աշխատել նրա հետ:
Արմեն Հայրապետյանը յուրայինների շրջանում ի սկզբանե հայտարարել է, թե կադրային փոփոխություններ է անելու, վաղ թե ուշ բերելու է իր թիմը: Քարտուղահարուց եւ օգնականից բացի՝ նա ծառայություն է բերել նաեւ մեկ այլ յուրայինի: Նախկին աշխատավայրից՝ Սփյուռքի նախարարությունից Արթուր Դումանյանին՝ նախկին առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդուն, նա բերել է ծառայության աշխատակազմի ղեկավար տեղակալ: ՍԱՊԾ-ի աշխատակազմի ղեկավար-տեղակալը աշխատանքի է անցել արդարադատության նախարարությունում՝ որպես խորհրդական:




























