Ոչ ոք չի կարող կանխատեսել կոռուպցիոն ռիսկերի աստիճանը երկրի համար՝ այս կամ այն կառույցին անդամակցելու դեպքում՝: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կբարձրանա պաշտոնյաների կոռումպացվածության մակարդակը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Հարցը վերաբերում էր նրան, որ ԵՏՄ անդամ մյուս երկրները շատ կոռումպացված են:

Նրա խոսքով՝ ռիսկերի աստիճանը քննարկվում է, բայց անհնար է կանխատեսել դրանք այս կամ այն կառույցին անդամակցելու դեպքում՝:

Փոխնախարարը նշել է, որ հաջորդ տարի ռիսկերի գնահատում կանցկացվի, եւ արդյունքների հիման վրա գործողություններ կձեռնարկվեն:

Ավելի վաղ Սուրեն Քրմոյանը հայտնել էր, որ Հայաստանում շուտով կոռուպցիայի դեմ պայքարի նոր ռազմավարություն է ընդունվելու: Նրա խոսքով՝ փաստաթուղթը բավական ճկուն կլինի, այսինքն հնարավոր կլինի արագ արձագանքելն իրավիճակին: