Խոզի միսն արդեն թանկացել է, 2500 դրամից դարձել է 3500 դրամ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանը, ով խոզաբուծական մեծ ֆերմա ունի:
Նրա կարծիքով՝ այս տարի ոչ բոլորն են ի վիճակի լինելու խոզի միս գնել եւ դնել սեղանին: Ինչ վերաբերում է իր ֆերմային, պատգամավորն ասաց, որ իրենք խոզ չունեն, 25 հազար գլխաքանակի անկումից հետո հիմա նոր վերականգնվում են: «Այս տարի կորուստների տարի էր, մյուսը վերականգնվելու տարի կլինի, էն մյուսը հնարավոր է եկամուտի տարի լինի»,-ասաց Վահան Կարապետյանը:
Հարցին, թե Ամանորին ձեր սեղանի խոզի մսի հարցը ինչպե՞ս եք լուծելու, պատգամավորը պատասխանեց, որ Ամանորին քաղաքում չի լինում, ԱՄՆ է մեկնելու: Ճշտմանը, թե խոզի մսի դարդի՞ց, նա ծիծաղելով պատասխանեց՝ «Չկա խոզ, դրա համար մնում եմ՝ ինչ անեմ»:




























