Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին եւ գոհունակությամբ փաստել, որ անցնող 2014 թվականը հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների զարգացման համար խոստումնալից ու կարեւոր տարի է եւ այն, անկասկած, երկու երկրների փոխհարաբերություններն ավելի խորացնելու նոր հեռանկարներ է բացում:

Սերժ Սարգսյանը նշել է, թե ամենաջերմ զգացումներով է հիշում իր պետական այցը եղբայրական Ուրուգվայ եւ հանդիպումը Նախագահ Խոսե Մուխիկայի հետ: Հանրապետության Նախագահը խնդրել է Դանիլո Աստորիին՝ իր ջերմ ողջույնները փոխանցել Խոսե Մուխիկային, իսկ նորընտիր Նախագահ Տաբարե Վասկեսին՝ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Նախագահն ընդգծել է, որ այդ այցի ժամանակ եւս մեկ անգամ համոզվել է, թե Ուրուգվայում ինչպիսի հարգալից վերաբերմունք կա Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ եւ անկեղծ ցանկություն՝ բոլոր ոլորտներում միջպետական հարաբերություններն ու համագործակցությունը զարգացնելու:

Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին նշել է, որ իր երկրի ղեկավարության մեջ եւ հասարակության բոլոր շերտերում Հայաստանի նկատմամբ բարեկամական ջերմ վերաբերմունքն ամուր հիմքեր ունի: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ հայ-ուրուգվայական տնտեսական փոխգործակցությունն ընդլայնելու եւ զարգացնելու հնարավորություններին:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են միջպետական հարաբերություններում ակնհայտորեն մեծ դեր ունեցող խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը: Սերժ Սարգսյանը եւ Դանիլո Աստորին համակարծիք են եղել, որ երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեությունն ավելի է ամրապնդում առկա բարեկամությունը:

Հանրապետության նախագահը եւս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել Ուրուգվայի իշխանություններին եւ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում դեռեւս 1965թ. ունեցած անգնահատելի ավանդի համար եւ ընդգծել, որ այդպիսով սկիզբ դրեց այդ ոճրագործության միջազգային ճանաչման գործընթացին՝ իր արձագանքը գտնելով ամբողջ աշխարհում: Նախագահի խոսքով, ընդամենն օրեր առաջ հարավամերիկյան մեկ այլ երկրի՝ Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը գալիս է եւս մեկ անգամ ապացուցելու, որ երբ խոսքը գնում է միեւնույն արժեքների վրա հիմնված բարեկամության մասին, ոչինչ ի զորու չէ խաթարել այն:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաեւ ղարաբաղյան հակամարտության հարցում Ուրուգվայի հավասարակշիռ դիրքորոշումը: