Վերջին եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում նկատվում են տեսանելի թանկացումներ, ինչը, բնականաբար, խուճապ է առաջացնում սպառողների շրջանում։ Թանկացումներ նկատվում են հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքների շրջանում՝ հաց, բնամթերք, կաթնամթերք և այլն։ Այս թանկացումները կանխատեսելի էին, քանի որ վերջին շրջանում արժեզրկվել և շարունակում է արժեզրկվել ՀՀ դրամը։

Այս շրջանում քաղաքացիների մոտ կարծիք է ձևավորվել, որ տնտեսավարողներն օգտվել  են դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումից ու իրենք էլ բարձրացրել են իրենց կողմից առաջարկվող արտադրանքի գինը։ Սակայն մի շարք փաստեր վկայում են, որ տնտեսավորողները ոչ թե օգտվել են դրամի արժեզրկումից, այլ գոյություն ունեն արտադրանքի գները բարձրացնելու օբյեկտիվ պատճառներ: 

Ինչպես գիտենք, ցանկացած գնագոյացում կախված է տվյալ ապրանքի ինքնարժեքից` հումք, էներգակիրներ, առաքում, աշխատուժ և այլն: Տնտեսավարողները արտադրության  համար անհրաժեշտ հումքի  գերակշիռ մասը ներկրում են դրսից: Հումքից բացի, արտադրության մեջ օգտագործվող որոշ նյութեր ու պարագաներ ևս ներկրվում են արտերկրից: Տարադրամի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկման պայմաններում ներմուծումը թանկանում է. արտադրանքն իրացվում է տեղական արժույթով, իսկ ներկրվող ապրանքի դիմաց վճարվում է արտարժույթով: Այս ամենն, իհարկե, ստիպում է, որ արտադրանքի տեսականին ենթարկվի գնային որոշակի փոփոխությունների: Օրինակ՝ կաթնամթերք արտադրող հայաստանյան ընկերությունները անհրաժեշտ նյութերից ներկրում են չոր կաթ,  կարագ, փաթեթավորող նյութեր և այլն:

2012 թվականին չոր անյուղ կաթի մեկ կիլոգրամը ներկրվել է 3.5$-ով, իսկ 2013 թվականին դրա գինն աճել է մոտ 55%-ով՝  հասնելով 6.3$-ի։ Ուկրաինայում, որտեղից Հայաստանը հիմնականում ներմուծում է չոր կաթ, այն նույնպես թանկացել է. հանրապետության ագրարային քաղաքականության եւ մթերքի նախարարությունը 2014-15 թթ ագրարային սեզոնում բարձրացրել է չոր կաթի հսկիչ գինը (շուկայական ինտերվենցիաների համար): Անցյալ սեզոնի համեմատ այն ավելացել է 9,6%-ով եւ հասել շուրջ 35,9 հազար գրիվնայի (շուրջ $2 313) 1 տոննայի համար: Կարագի մեկ կիլոգրամը 2012 թվականին ներկրվել է միջինում 4.4 $-ով, իսկ 2013 թվականին՝ 6.8$-ով՝ թանկանալով մոտ 29%-ով։

Ներկրվող հումքի վճարումները կատարվում են բացառապես դոլարով, և հետևաբար ընկերությունն էլ պետք է հիմնավոր կերպով բարձրացնի իր արտադրանքի գինը: Ներկրվող ապրանքների թանկացումներին ու դոլարի արժույթի բարձրացմանը զուգահեռ, թանկանում է նաև հիմնային կարևորություն ունեցող էլէկտրաէներգիան (26.7%-ով) և գազը  (18%-ով), որի հետևանքով էլ հայ տնտեսվարողները հայտնվել են դժվարին իրավիճակում և, այլ տարբերակ չունենալով, 5-10%-ով թանկացրել ապրանքի գները: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ այս թանկացումները կանխատեսելի էին և ինչ-որ չափով արդարացված, քանի որ հասկանալի է, որ այս պայմաններում ընկերությունների համար անհնարին է դառնում պահպանել արտադրանքի գինը և պարտադրված դիմում են բարձրացման: