Անհատ ձեռներեցները եւ նոտարները չեն կարողանում հրաժարվել  կուտակային կենսաթոշակի համակարգից, քանի որ մինչեւ հիմա ֆինանսների նախարարությունը չի տրամադրել կուտակայինից հրաժարվելու դիմումի նմուշները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հաշվապահ Շողեր Բաբայանը:

«Հարկայինի կայքէջում անհատ ձեռներեցների եւ նոտարների համար կուտակայինից հրաժարվելու  դիմումի ձեւը դեռ տեղադրված չէ, այնինչ մինչեւ դեկտեմբերի 25-ը եթե այդ դիմումը չլինի, նրանք այլեւս չեն կարող հրաժարվել կուտակայինից: Ահազանգել ենք թեժ գիծ, ասացին, որ կլինի, բայց երեկվա դրությամբ դեռ չկա»,-ասաց Շողեր Բաբայանը:

Հաշվապահի խոսքով՝ եթե մինչեւ դեկտեմբերի 25-ը այդ դիմումը չլինի, անհատ ձեռներեցներն ու նոտարները ավտոմատ կերպով միանալու են կուտակային կենսաթոշակային համակարգին:

Ըստ Շողեր Բաբայանի՝  այս ձգձգման նպատակն այն է, որ ավելի շատ քաղաքացիներ մտնեն կուտակայինի համակարգի մեջ. «Քանի դեռ այդ հարցը շատ ակտուալ չէ, ոչ ոք չի իմանա, բայց  վերջին օրերին, երբ անհատ ձեռներեցները կարագացնեն այդ գործընթացը, պարզ կլինի, որ դիմումի ձեւը չկա: Եթե աղմուկ չբարձրանա, անհատ ձեռներեցները չիմանան, դիմումի ձեւի տեղադրումը կձգձգեն, վերջին պահին, գուցե դեկտեմբերի 24-ի կեսօրին դիմումի ձեւը կտեղադրեն, որ հետո ապացուցեն, որ ամսի 24-ին եղել է հաշվետվություն»:

Հաշվապահի կարծիքով՝ այս պարագայում շատերը չեն հասցնի լրացնել դիմումը եւ ստիպված կլինեն նպատակային սոցիալական վճարներ անել:

«Շատերը կհայտնվեն կուտակայինի համակարգի մեջ, եւ  քանի որ  մարտ ամսին Սահմանադրական դատարանում վիճարկվելու է կուտակայինի փաստը, այն ժամանակ իրենք փաստ կունենան, որ տեսեք՝ այսքան մարդ կուտակային համակարգի մեջ է, բայց թե ոնց են հայտնվել այդ համակարգի մեջ, դա ոչ մեկ չի ուզում բացատրել»,-ասաց Շողեր Բաբայանը:

Նշենք, որ կուտակային կենսաթոշակների համակարգում կամավոր վճարման համակարգը ներդրվում է, բայց ժամանակավոր՝ մինչեւ 2017 թվականը, եւ միայն ոչ պետական հատվածի համար, իսկ պետական հատվածի աշխատողները պարտավոր են վճարել նպատակային սոցիալական վճարներ: