Երեւանի Նոր-Նորք թաղամասում հուլիս 15-ին հարեւանների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացած, արցախյան ազատամարտի մասնակից, 52-ամյա Վարդան Թումանյանի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկի կինը՝ Տանյա Մելքումյանը:

Նրա խոսքով՝ նորից դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որի պատասխանը կստացվի ամիսներ անց:

«Կարեւորագույն փորձաքննության պատասխանն արդեն ստացել ենք, այն է՝ ամուսինս մահացել է ծեծի հետեւանքով, հիմա նորից են փորձաքննություն նշանակել: Չենք հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ են ուզում անել, բայց մենք վստահ գիտենք, թե ինչ է եղել եւ գնալու ենք մինչեւ վերջ»,- ասաց տիկին Տանյան:

Տիկին Տանյան վստահ է, որ հետախուզման մեջ գտնվող Վիկտոր Հովսեփյանը Հայաստանում է եւ ցանկության դեպքում կարելի է շատ հեշտությամբ հայտնաբերել:

«Իսկ Սարգսյանների հայրը՝ Բաբկեն Սարգսյանը, ինձ տեսնում է ու այնպես անցնում կողքովս, ոնց որ ոչինչ չի եղել, այնքան հանգիստ է պահում իրեն»,- ավելացրեց մահացած ազատամարտիկի կինը:

Վարդան Թումանյանի հարազատներն էլ մեր թղթակցի հետ զրույցում նշեցին, որ ընտանիքն այս պահին ծանր պայմաններում է ապրում եւ ֆինանսական աջակցության կարիք ունի: Նշենք, որ 52-ամյա Վարդան Թումանյանը չորս երեխաների հայր էր, տան հիմնական աշխատողը, արհեստավոր: Նրա 12-ամյա դուստրը՝ Լիլին տառապում է մանկական ուղեղային կաթվածով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ հուլիսի 13-ին հարեւանների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել շախմատի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Գագիկ Ղուկասյան, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։ Վարդան Թումանյանի մահվան առնչությամբ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ: Գեւորգ Սարգսյանն ու Գագիկ Ղուկասյանը կալանավորվել էին։