«Ազատամարտիկների դաշինք»-ը հայտարարություն է տարածել հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

«Այսօր որոշ լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն այն  մասին, որ երեկ երեկոյան ծեծի են ենթարկվել Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝  Ապարանի ջոկատի  հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը եւ «Արաբո»  ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Խուսափելով ապատեղեկատվության տարածումից, անպատեհ  մեկնաբանություններից «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչությունը  մինչ այժմ հանդես չէր եկել համապատասխան հայտարարությամբ:

Քիչ առաջ ավարտվել է «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության հրավիրած արտահերթ նիստը, որի ընթացքում  մարտական ընկերները գնահատական են տվել հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարելով, որ եղելությունը հայտնի է, այն ուղղված է Դաշինքի գործունեության դեմ եւ հերթական անգամ նպատակ ունի, ահաբեկման միջոցով, լռեցնելու ապօրինությունների դեմ ձայն բարձրացնող ազատամարտիկներին:

Ազատամարտիկները նաեւ  հայտարարել են, որ նմանատիպ յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման  եւ կոչ արել մարտական ընկերներին  վաղը՝  դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին  հավաքվելու Առնո Բաբաջանյանի արձանին հարակից տարածքում՝ հետագա անելիքները համատեղ որոշելու նպատակով»: