Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, չի ցանկանում գնահատական տալ ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի եւ Մանվել Եղիազարյանին ծեծի ենթարկելու դեպքին: Կոմանդոսը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ միջադեպի մասին դեռ ոչինչ չգիտի, իր մարդիկ կգնան, ամեն ինչ կիմանան, հետո գնահատական կտա, առայժմ ոչինչ չի կարող ասել:

Հնարավոր է ծեծը կապ ունենա նրանց հանրահավաքներին մասնակցելու հետ, Կոմանդոսն ասաց, որ չի ցանկանում գնահատել ազատամարտիկների գործունեությունը: «Ես չեմ ասում՝ ճիշտ է, թե սխալ է, ես այդ գործընթացին չեմ խառնվում, կան ներքին եւ արտաքին խնդիրներ, ես ներքին խնդիրներին չեն խառնվում, զբաղվում եմ արտաքին, ռազմական խնդիրներով: Եթե հիմա ինչ-որ բան ասեմ, մեկին դուր կգա, մյուսին՝ ոչ, ես չեմ ուզում կորցնել իմ ընկերներին»,-ասաց Կոմանդոսը:

Արկադի Տեր-Թադեւոսյանը չի ընդունում, երբ ազատամարտիկները քաղաքականությամբ են զբաղվում, նրա կարծիքով՝ ազատամարտիկը պետք է զբաղվի ռազմական գործով, նրան պետք է հետաքրքրի սահմանների պաշտպանվածությունը եւ անվտանգությունը, սակայն մյուս կողմից էլ չի դատում քաաքականությամբ զբաղվող իր ընկերներին, ովքեր հազարումի սոցիալական խնդիր ունեն, բայց նաեւ հավելում է՝ մարտի դաշտում ավելի դժվար է, պետք է ուրիշ տեսակ լինել:

Հիշեցնենք, որ «Ազատամարտիկների դաշինք»-ը հայտարարություն է տարածել հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Նրանք նշել են, որ  ծեծի են ենթարկվել Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝  Ապարանի ջոկատի  հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը եւ «Արաբո»  ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: «Նմանատիպ յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման  եւ ազատամարտիկները կոչ են անում իրենց մարտական ընկերներին  դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին  հավաքվելու Առնո Բաբաջանյանի արձանին հարակից տարածքում՝ հետագա անելիքները համատեղ որոշելու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ: