ՄԱԿ –ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը մարդու իրավուքնների պաշտպանության օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով, որտեղ կոչ է անում մարդկանց պատասխան պահանջել սեփական իշխանություններից, որոնք խախտում են մարդու իրավունքները:
Ուղերձում ասվում է.
«Մարդու իրավունքների օրը մենք բարձրաձայնում ենք մեր կարծիքը:
Մենք դատապարտում ենք այն իշխանություններին, որոնք ոտնահարում են որեւէ անձի կամ խմբի իրավունքները:
Մենք հայտարարում ենք, որ մարդու իրավունքները բոլորիս համար են` մշտապես, ով էլ լինենք, որտեղից էլ լինենք, անկախ մեր դասակարգից, կարծիքներից, սեռական կողմնորոշումից:
Սա անհատական արդարության, սոցիալական կայունության եւ գլոբալ առաջընթացի հարց է:
ՄԱԿ-ը պաշտպանում է մարդու իրավունքները, որովհետեւ դա մեր արժանպատիվ առաքելությունն է, եւ որովհետեւ տնտեսությունները ծաղկում են ու երկրները խաղաղ են, երբ մարդիկ օգտվում են իրենց իրավունքներից:
Մարդու իրավունքների ոտնահարումներն ավելին են, քան սոսկ անձնական ողբերգությունները: Դրանք կոչնակներ են, որ գուցե ահազանգում են շատ ավելի մեծ ճգնաժամի մասին:
ՄԱԿ-ի «Մարդու իրավունքներն՝ առաջնային ճակատում» նախաձեռնության նպատակն է ուշի ուշով հետեւել այդ ահազանգերին: Մենք համախմբում ենք ուժերն ի պատասխան ոտնահարումների, քանի դեռ դրանք չեն վերածվել զանգվածային վայրագությունների կամ պատերազմական հանցագործությունների:
Յուրաքանչյուրը կարող է նպաստել անարդարության, անհանդուրժողականության եւ ծայրահեղականության դեմ պայքարի առաջխաղացմանը:
Կոչ եմ անում պետություններին՝ մարդու իրավունքները պաշտպանելու իրենց պարտավորությունը հարգել տարվա բոլոր օրերին: Կոչ եմ անում մարդկանց՝ իրենց կառավարություններից պատասխան պահանջել: Եվ կոչ եմ անում հատուկ պաշտպանություն ապահովել իրավապաշտպանների համար, որոնք խիզախորեն ծառայում են մեր ընդհանուր գործին:
Եկե՛ք արձագանքենք իրավազրկվածների ճիչերին եւ պաշտպանենք մարդկային արժանապատվության իրավունքը՝ բոլորի համար:




























