Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը տեղին է հիշել, որ Հայաստանը քաղաքական նկատառումներով կալանավորված քաղաքացիներ ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«2014թ.-ը բացասական տարի էր Հայաստանի համար, քանի որ ունեցանք քաղբանտարկյալներ: Այսօր էլ տեղին է նրանց մասին խոսել, որովետեւ ամբողջ աշխարհում նշվում է մարդու իրավունքների պաշտպանության օրը: Կարծում եմ, որ արդարադատության նախարարը նախորդ տարվա զեկույցների հիման վրա է հայտարարել, որ քաղբանտարկյալներ չկան: Համոզված եմ, որ հաջորդ տարի միջազգային բոլոր կառույցները հայտարարելու են մեր քաղբանտարկյալների մասին: Իհարկե, մեզ մոտ իրավիճակն այնպիսին չէ, ինչպես որ Ադրբեջանում է, սակայն մենք էլ ունենք քաղբանտարկյալներ»,- ասաց Հայրիկյանը:
Նշենք, որ օրեր առաջ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեսյբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Մինչդեռ շատ իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ համոզված են, որ Շանթ Հարությունյանը, նրա ընկերները եւ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվել են քաղաքական գործունեություն ծավալելու համար:




























