Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը այսօր հաստատ կմնա «էրեբունի» հիվանդանոցում, իսկ հետո պարզ կլինի հետազոտությունների արդյունքներից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը:
Նա նշեց, որ հարվածները գլխի շրջանում էին, կոտրվածքներ ունի: «Միայն Սերժ Սարգսյանի բանդաները կարող են օրը ցերեկով հարձակվել մարդկանց վրա»,-ասաց ազատամարտիկը՝ վստահորեն պնդելով, որ սա կապված է Սերժ Սարգսյանի հետ:
Այս միջադեպը, ըստ նրա, ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանին եւ Մանվել Եղիազարյանին ծեծելու դեպքի շարունակությունն է: Նրա խոսքով՝ հարձակվողները ոչ թե իրեն սպանելու, այլ աչքը վախեցնելու նպատակ ունեին: «Մայթին կանգնած էի, իրենք էլ մեքենայով էին, եկան, իջան, ծեծեցին, գնացին, երրորդ հարվածից ես ընկա գետնին, մարդիկ չկային տարածքում, մեքենաներն էլ փախան գնացին»,-ասաց Սուրեն Սարգսյանը: Նա չի հիշում, թե իր վրա հարձակվողները ինչ տեսք ունեին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեանում այսօր՝ դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան, ծեծի են ենթարկել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սուրեն Սարգսյանը:
Նա այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, հետազոտվում է, մանրամասներ չի կարող հայտնել: Ազատամարտիկը միայն փոխանցել է, որ դեպքը եղել է իր տան մոտ, 4 դիմակավորված անձինք հարձակվել են իր վրա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ծեծի էին ենթարկել ազատամարտիկներ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին եւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին:




























